«ZOOM» Ավետարանը գյուղերին…
«Եվ նրանց ասաց. գնացեք բոլոր աշխարհքը, Ավետարանը քարոզեցեք ամեն արարծի» (Մարկոս 16.15):
Սա վերջին հանձնարարությունն էր, որ Հիսուսը տվեց երկինք համբարձվելուց առաջ: Եվ յուրաքանչյուր անձ, իր կյանքում ընդունելով Հիսուսին որպես Տեր և Փրկիչ, դառնում է այս հանձնարարականի կրողը:
Եվ ահա «Կյանքի Խոսք» եկեղեցու երիտասարդները, հնազանդվելով այս խոսքին, կազմակեպեցին մի ծրագիր, որի շնորհիվ կկարողանային Ավետարանի խոսքը հասանելի դարձնել Հայաստանի գյուղերին:
Ծրագիրը կոչվեց «ZOOM», այնսինքն՝ կենտրոնանալ մի գյուղի վրա և մոտեցենել այն Աստծուն:
Ավետարանը մարդկանց հասցնելու համար հաճախ միայն բառերը բավական չեն, անհրաժեշտ է վարվել այնպես, ինչպես Հիսուսն էր անում՝ օգնել, հոգալ, մխիթարել հստակ գործողություններով:
Այս ամենը կազմակերպելու համար եկեղեցական ծառայություններից մեկի ժամանակ հնչեց հայտարարություն՝ «անհրաժեշտ են իրեր՝ հագուստ, կոշիկ, խաղալիք, գրքեր, մեկ խոսքով՝ ցակնկացած իր, որ կարող է անհրաժեշտ լինել մարդկանց առօրյա կյանքում:
Արձագանքն անմիջապես եղավ. մարդիկ շարունակ նվիրաբերում էին բազմատեսակ իրեր՝ հավատալով և հուսալով, որ կկարողանան ինչ-որ կերպ աջակից լինել կարիքավոր մի մարդու:
Եվ երբ արդեն հավաքվել էին բավականին մեծ քանակով իրեր, երտասարդներն անցան գործի. շաբաթներ շարունակ իրերը սորտավորում էին, դասավորում արկղերի մեջ, որպեսզի մարդիկ առավել հեշտությամբ կարողանան օգտվել դրանցից:
Բայց այս ամենը ծրագրի միայն առաջին փուլն էր:
Հաջորդ փուլը, որը նախատեսում էր այցելություն տարբեր գյուղեր, իրականացնելու համար ստեղծվեցին աղոթքախմբեր, որոնք անդադար աղոթում էին հենց այս ծրագրի հաջող և պտղաբեր գործունեության համար, ձևավորվեց ծառայողական թիմ, կազմվեց նախնական ծրագիր, ձեռք բերվեցին անհրաժեշտ պայմանավորվածություններ, և երբ կազմակերպչական աշխատանքներն ավարտված էին, ծրագիրը մեկնարկեց:
«ZOOM» ծրագիրը նախատեսում էր հագուստի տրամադրում գյուղի և եկեղեցու անդամներին, մանկական ավետարանչական ծրագիր, սպորտային խաղեր գյուղի պատանի-երիտասարդների համար, համերգային ծրագիր և, իհարկե, ավետարանչություն:
2014 թվականի հունիսի 21-ին կայացավ «ZOOM» ծրագրի առաջին այցելությունը գյուղ:
Երիտասարդներին, ովքեր ժամանեցին գյուղ՝ իրենց հետ տանելով հավաքված իրերը, դիմավորեց մարդկանց հոծ բազմություն, որոնցից շատերը եկեղեցու անդամներ չէին և նույնիսկ երբևէ չէին էլ լսել Հիսուսի մասին: Նրանցից յուրաքանչյուրը եկել էր ինչ-որ ակնկալիքով:
Գյուղ ժամանած թիմը սիրով ծառայում էր մարդկանց՝ օգնելով ընտրել անհրաժեշտ իրերը, միևնույն ժամանակ փորձելով ծանոթանալ և մտերմանալ այդ մարդկանց հետ:
Այս ամենին հաջորդեց համերգային հրաշալի միջոցառումը, որը գյուղացիների օրը վերածեց իսկական տոնի. երգ, պար, հաճելի մթնոլորտ, երջանիկ ու ժպտացող հայացքեր՝ հավաքվել էր գերթե ողջ գյուղը:
Ինչպես վկայում էին հենց իրենք՝ գյուղի բնակիչները, նման միջոցառում վերջին անգամ իրենց մոտ կազմակերպվել էր 1990-ական թվականներին և կրկին հավատացյալների կողմից:
Հաջորդ այցելության ժամանակ տոնական օրը նախատեսված էր մանուկների համար: Եկեղեցու մանկական ծառայության ծառայողներն իրենց ողջ ջանքը ներդրեցին այդ երեխաներին երջանկացնելու և ուրախացնելու համար: Ծաղրածուներ, հետաքրքիր ու զվարճալի խաղեր, պատմություններ, մրցույթներ, մրցանակներ ու նվերներ. այս ամենը ստիպեց երեխաներին հայտնվել մանկական երջանիկ մի աշխարհում, որը նրանցից շատերի համար անծանոթ էր:
Հաջորդ շաբաթ ծրագիրն արդեն սպասված հյուր էր տեղի բնակիչների համար, և այդ անգամ հերթն արդեն երիտասարդներինն էր, որոնց համար կազմակերպվել էին սպորտային խաղեր, մրցումներ, հաճելի շփում, և այս ամենի նպատակը մեկն էր՝ ընկերանալ այդ մարդկանց հետ և փոխանցել Ավետարանի փրկության լուրը:
Իսկ ահա վերջին այցելության ժամանակ, տեղի ունեցավ ավետարանչություն: Տեղի եկեղեցու հովիվը ներկաների հետ խոսեց Աստծո մասին, պատմեց Հիսուսի զոհի և մեզ շնորհած փրկության մասին, ինչպես նաև նրանց փոխանցեց այն հրաշալի խոստմունքը Աստծուց, որ կա հրաշալի ապագա նրանցից յուրաքանչյուրի համար:
Ավետարանչությունից հետո ծառայողները մոտենում էին յուրաքանչյուրին, և մարդիկ կիսվում էին իրենց խնդիրներով ուանհանգստություններով, հարցեր տալիս Աստծո և հոգևոր կյանքի մասին և խնդրում աղոթել իրենց համար:
 
Ծառայողները աղոթում էին նրանց ու նրանց կարիքների համար, կիսվում Աստծո խոսքով, վկայում իրենց կյանքում Տիրոջ կատարած հրաշքների մասին և ապաշխարության աղոթքի առաջնորդում:
Ծրագիրը հաջողվեց ու արդարացերեց ակնկալիքները, և նույն կերպ շարունակվեց՝ մուտք գործելով այլ գյուղեր, ինչպես նաև քաղաքներ՝ տարածելով Աստծո խոսքը: