Հաճախ տրվող հարցեր

Եթե Աստված բարի է և սիրող, ինչո՞ւ է չարիք թույլ տալիս:

Հաճախ է հնչում «ինչո՞ւ» հարցը այս կամ այն դժբախտությունից հետո: Հիշի՛ր, որ Աստված աշխարհն ու մարդուն կատարյալ ստեղծեց: Սակայն այդ կատարյալ մարդուն տրված էր նաև ազատ ընտրություն կատարելու իրավունք: Երբ Ադամը որոշեց չհնազանդվել Աստծուն, մեղքը, մահն ու տառապանքը դարձան նրա կյանքի անխուսափելի ուղեկիցները: Հռոմեացիներին ուղղված թղթի 5․12-ում գրված է․ «Երբ Ադամը մեղք գործեց, մեղքը մտավ ողջ մարդկային ցեղի մեջ: Ադամի մեղքը մահ բերեց, ուստի մահը տարածվեց յուրաքանչյուրի վրա, քանի որ յուրաքանչյուր ոք մեղանչեց»:
 
Գուցե ասես․ «Բայց ես չեմ ընտրել մեղքը, Ադամն է ընտրել»: Աստվածաշունչն ասում է, որ «բոլորը մեղանչեցին ու Աստծո փառքից պակասեցին» (Հռոմեացիս 3․23): Իսկ Հակոբոս 4․1-ում գրված է, որ «չար ցանկությունների մի հոծ բանակ է պատերազմում մեր ներսում»: Միևնույն ժամանակ Աստված մեզ տվել է օրինավոր կյանքով ապրելու չափանիշներ, որոնք գրված են Իր օրենսգրքում՝ Աստվածաշնչում: Ու երբ այդ չափանիշները խախտում ենք, չարիքը վրա է հասնում: Ուստի, չարիքը թույլ է տալիս ոչ թե Աստված, այլ մենք ինքներս:
 
Միշտ չէ, որ կարող ենք հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս կամ այն ողբերգությունը, բայց մենք ճանաչում ենք Նրան, Ով ի զորու է անցկացնել մեզ ամեն ինչի միջով: Նա խոստացել է. «Երբ որ ջրերից անցնես, քեզ հետ կլինեմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի․ երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չպիտի վառի, որովհետև Ես՝ Տերս, քո Աստվածն եմ….» (Եսայի 43․2-4):

Մի՞թե բոլոր կրոնները նույն բանը չեն սովորեցնում

Մարդիկ հաճախ հարցնում են. «Մի՞թե բոլոր ճանապարհները չեն տանում դեպի Աստված: Եթե մարդն անկեղծ է իր հավատքի մեջ, մի՞թե նա երկինք չի գնա»: Հնարավոր չէ՝ բոլոր կրոնները ճշմարիտ լինեն, քանի որ դրանք հակասում են միմյանց: Եթե ժամանակ հատկացնես և ուսումնասիրես կրոնների ուսմունքները, կհայտնաբերես, որ միայն ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է ՄԱՀԱՑԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԵԼ՝ մեզ հավիտենական կյանք պարգևելով:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, խաչի վրա մահացավ մեր մեղքերի համար և վճարեց մեր պարտքը մեր փոխարեն, և եթե մենք հրաժարվենք մեր մեղքերից և Նրան Տեր ու Փրկիչ ընդունենք, ներված կլինենք ու Նրա միջոցով հավիտենական կյանք կունենանք:

Ինչպե՞ս կարող է սիրող Աստված դժոխք ուղարկել մարդկանց:

Մեկընդմիշտ հիշի՛ր, Աստված ոչ ոքի դժոխք չի ուղարկում: Մարդկանց դժոխք ուղարկելը երբեք Նրա ծրագիրը չի եղել: Դժոխքի ճամփան մարդն է ընտրում՝ Աստծուն չհնազանդվելով: Եվ իրականում, Աստծո սիրտը ցավում է, երբ Իր պատկերով ստեղծված մարդը հավիտենական կյանքի ու մահվան միջև գիտակցաբար ընտրում է երկրորդը՝ դժոխքը:

Ի սկզբանե դժոխքը չէր ստեղծվել մարդկանց համար, այլ սատանայի, որը, հրեշտակ լինելով հանդերձ, ապստամբեց Աստծո դեմ: Մատթեոս 25․41-ում Հիսուսն ասում է, որ հավիտենական կրակը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար: Սուրբ գիրքը նաև սովորեցնում է, որ «Տերը երկայնամիտ է մեր նկատմամբ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորչի, այլ՝ որ բոլորը ապաշխարության գան» (Բ Պետրոս 3․9): Աստված ուղարկեց Հիսուսին՝ մահանալու մեր փոխարեն, որպեսզի կամուրջ կառուցեր մեղավոր մարդկանց և Սուրբ Աստծո միջև:

Դու կհայտնվես դժոխքում միայն այն դեպքում, երբ մերժես այն, ինչ Հիսուսն արել է քեզ համար:

Ես նախկինում փորձել եմ եկեղեցի գնալ, բայց, կարծում եմ, դա ինձ համար չէ:

Հարց չպարունակող քո այս հայտարարությունը մի քանի պատճառ կարող է ունենալ. ասում ես, որ եկել ես եկեղեցի, բայց հետո «համոզվել ես», որ դա քո տեղը չէ… Իսկ մտածե՞լ ես՝ ինչո՞ւ ես քո այս հարցադրմամբ շարունակում ինքդ քեզ համոզել, որ կայացրածդ որոշումը ճիշտ էր:

Աստվածաշունչն ունի պատասխան՝ որովհետև «հոգին հոժար է, իսկ մարմինը տկար» (Մատթեոս 26.41): Քո հոգին քեզ ստիպում է նորից ու նորից խորհել Աստծո հետ քո փոխհարաբերության մասին, որովհետև հոգիդ ճանաչում է հոգիներ Ստեղծողին:

Եվ երբ որոշում ես կայացնում ենթարկվել հոգուդ կանչին ու գնալ եկեղեցի, դու անմիջապես դառնում ես սատանայի թիրախը. նա գործի է դնում իր ամբողջ զինանոցը՝ քեզ համոզելու, որ եկեղեցին քո տեղը չէ, որ աշխարհիկ կյանքը, «քաղցր մեղքերը» կանչում են քեզ, որ դու դեռ երիտասարդ ես, իսկ կյանքը եռում է… Նա խաբում է, որպեսզի ևս մեկ հոգու իր հետ գեհեն տանի. սա է 2000-ամյա խաբեբայության փորձ ունեցող սատանայի միակ նպատակը:

Իսկ հիմա չհնչեցրածդ հարցի պատասխանը. ինչո՞ւ է պետք եկեղեցի գալ. նախ՝ որովհետև Աստած է մեզ պատվիրել «մեկտեղ հավաքվելը չթողնել» (Եբրայեցիս 10.25), և երկրորդ՝ որովհետև «հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո խոսքից» (Հռոմեացիս 10.17):

Երբ հոգիդ մարմնիդ դարձյալ կստիպի եկեղեցի գնալ, իսկ սատանան քեզ հազարումի պատճառ կբերի չգնալու համար, դու պարզապես բարձր հնչեցրու Հիսուս Քրիստոսի անունը. սատանան կփախչի, որովհետև մեծ զորություն կա Տիրոջ անվան մեջ, ու անօրենը սարսափում է Նրա անունից: Տիրոջ անունը քրիստոնյաների հաղթական զենքն է:

Ինչո՞ւ է Աստված տառապանք թույլ տալիս

Հաճախ են հնչում նմանօրինակ հարցեր: Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ երեխաները ծնվեն ֆիզիկական թերություններով: Ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ պատերազմներ լինեն: Ինչո՞ւ է Նա լռում, երբ անմեղ մարդիկ են սպանվում: Իսկ ի՞նչ կարելի է ասել այն սարսափելի անարդարությունների մասին, որոնցով հեղեղված է մեր աշխարհը: Իսկ փոթորիկնե՞րը, համաճարակնե՞րը, հրդեհնե՞րը: Ինչո՞ւ են այս սարսափելի երևույթները տառապանքներ պատճառում մարդկանց: Եթե Աստված ի զորու է կանխել նման ողբերգությունները, ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ դրանք տեղի ունենան:

Այս հարցերը ենթադրում են հետևյալը՝ կա՛մ Աստված ամենազոր է, բայց լիովին բարի չէ, և այդ պատճառով չի կանխում չարիքը, կա՛մ Նա լիովին բարի է, բայց ամենազոր չէ, և այդ պատճառով չի կարող կանխել չարիքը: Հարցականի տակ դնելով Աստծո բարությունն ու սերը՝ մենք, ըստ էության, մտածում ենք, թե գիտենք ավելին, քան Աստված: Մարդիկ հակված են բարդելու այս աշխարհի բոլոր խնդիրներն Աստծո վրա և ասելու, որ Աստված է պատասխանատու դրանց համար:
Իրականում, Աստված բարի է, արդար է ու լույս է, անկախ այն բանից՝ հավատո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ:

Մենք պետք է հիշենք, որ մարդկությունն է պատասխանատու մեղքի համար, ոչ թե Աստված: Ելնելով այս փաստից՝ ոմանք կարող են հարցնել. «Ինչո՞ւ Աստված մեզ այնպիսին չստեղծեց, որ անկարող լինեինք մեղք գործելու»: Պատասխանը հետևյալն է. «Աստծուն պետք չէին թելերով կառավարվող տիկնիկներ: Նրան պետք չէին լարովի ռոբոտներ: Նրան պետք չէին ծրագրավորված մարդիկ, որոնք չունեն ո՛չ ազատ կամք, ո՛չ ընտրության հնարավորություն»:

Ինչպե՞ս կարող եք դուք՝ քրիստոնյաներդ, ասել, որ երկինք տանող միակ ճանապարհը Հիսուսն է:

Հիսուսն Ինքն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհաննես 14․6): Եթե մարդկությունը կարողանար մեկ այլ ճանապարհով հասնել Հայր Աստծուն, Հիսուսը ստիպված չէր լինի խաչի չարչանքները կրել ու Իր մահով մեզ հավիտենական կյանք պարգևել:

Քրիստոնյաները մյուս մարդկանցից բարձր չեն, բնավ: Ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո միածին Որդին է, և հռչակում է այդ ճշմարտությունը, նման է մի քաղցած մարդու, որն իր նման քաղցածներին ցույց է տալիս հացի ճամփան:

Ինչո՞ւ ես պետք է եկեղեցի գամ, այնտեղ շատ կեղծավորներ կան:

Հաճախ եկեղեցի չգալն այսպես են պատճառաբանում այն մարդիկ, որոնք ցանկանում են շարունակել իրենց կյանքը խավարում, խուսափում են Հիսուս Քրիստոսի լույսից: Հիսուսը չի ասում՝ հետևիր եկեղեցուն կամ հետևիր մարդկանց: Հիսուսն ասում է․ «Հետևիր Ինձ» (Մատթեոս 9․9, Մարկոս 8․34, Հովհաննես 12․26):

Աստված մարդուն ազատ ընտրության իրավունք ու հնարավորություն է տվել: Դու կարող ես մեղք գործել, այսինքն՝ ընտրել այն, ինչ հակասում է Աստծո պատվիրաններին, ու կարող ես նաև սուրբ ապրել՝ հնազանդվելով Տիրոջը: Իսկ եկեղեցին սրբերի հանդիպման վայր չէ, այլ «հիվանդանոց» է մեղավորների համար: Մեծագույն մեղքը Աստծուն «ոչ» ասելն է:

Եկեղեցում, իհարկե, կհանդիպես կեղծավոր մարդկանց, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք, այդ թվում և դու: Սակայն կհանդիպես նաև այնպիսիներին, որոնք ջանասիրաբար փորձում են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքի համաձայն:

Հիմա ընտրությունը դարձյալ քոնն է՝ կա՛մ Աստծուն ասա «ոչ» ու շարունակիր ապրել Տիրոջ լույսից ու ներկայությունից հեռու՝ խավարում, կա՛մ արի եկեղեցի, նայիր Նրան՝ մեր հավատքի զորագլխին, որ քեզ հրավիրում է՝ Իրեն հետևելու:

Ո՞րն է կյանքի իմաստը

Աստված մեզ արարել է, որպեսզի մեր երկրային կյանքում ճանաչենք ու փառավորենք Իրեն ու հետո հավիտենական կյանք ունենանք Իր հետ, բայց այս հայտնությունը բոլորը չունեն: Մարդիկ կարծում են, թե իրենք հայտնվել են այս մոլորակում, որպեսզի հետք թողնեն մարդկության պատմության մեջ, կարիերայի աստիճաններով բարձրանան, անձնական երջանկություն գտնեն կամ ընտանիք կազմեն և այլն:

Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք ծնվել ենք Աստծուն ճանաչելու, մեր Արարչի հետ հաղորդակցվելու և Նրա անվանը փառք բերելու համար:
Մեր երկրային կյանքի իմաստը մեր ընտրությունն է. կա՛մ Նրան Տեր ու Փրկիչ ենք ընդունում ու հավիտենական կյանքը ժառանգում, կա՛մ Նրան մերժում ենք ու հավիտենությունը դժոխքում անցկացնում: Երկնքի քաղաքացիները (Երկնային Երուսաղեմ՝ դրախտ, գնացողները ու նաև դժոխքն ընտրողները) նախ, որպես մարդ, այս երկրի վրա են ապրում: