Բժշկություն քաղցկեղից

1993 թվականի ամառն էր: Վատ ինքնազգացողություն ունեի և դիմեցի բժշկի: Բժիշկն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա. սովորական մրսածություն է: Սակայն ժամանակի ընթացքում ցավերն այնքան սաստկացան, որ այլևս չէի կարողանում վեր կենալ անկողնուց: Կրկին գնացի ստուգման: Այս անգամ պարզվեց, որ անբուժելի հիվանդ եմ:

Կիսաբաց դռան ճեղքից լսեցի, որ բժիշկն ամուսնուս ասում է. «Շատ եք ուշացրել. քաղցկեղը տարածվել է ստամոքսից մինչև կերակրափող և մյուս օրգանները, նույնիսկ չարժե վիրահատել: Ամենաշատը մեկ ամիս կապրի…»:

Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչ է զգում մարդը, երբ իմանում է, որ իրեն հաշված օրեր են մնացել ապրելու: Ես պատկերացնում էի ինձ արդեն մահացած, գերեզմանի մեջ պառկած: Ապաքինվելու ոչ մի հույս չունեի: Բարեկամներս իմանալով, որ մահամերձ եմ, գալիս էին ինձ հրաժեշտ տալու: Այդ ամենն այնքան ճնշող էր: Ես տանջվում էի անտանելի ցավերից: Մարմինս կարծես այրվում էր, 24 օր անշարժ պառկած էի տանը, ոչինչ չէի կարողանում ուտել, նույնիսկ չէի կարողանում ջուր խմել: Սարսափելի նիհարել էի, հյուծվել այնպես, որ վախենում էի ինքս ինձ նայել հայելու մեջ:

Խնդրեցի, որ երեխաներիս հեռացնեն իմ կողքից, որպեսզի նրանք չտեսնեն, թե իրենց մայրն ինչպես է տանջվում: Մեծ տղաս 13 տարեկան էր, աղջիկներս ավելի փոքր էին, բայց ամեն ինչ հասկանում էին: Ամուսինս, որ բոլոր իրավիճակներում կարողանում էր տիրապետել իրեն, աշխատում էր ցույց չտալ իր ապրումները, բայց ես հասկանում էի, որ նա ինձ հետ միասին տանջվում է, պարզապես անզոր է որևէ բան փոխել: Նա ստիպված էր վաճառել մեր ավտոմեքենան, որպեսզի կարողանար դեղեր գնել ինձ համար: Սակայն այդ դեղերի կարիքն այդպես էլ չզգացվեց. Աստված ավելի շուտ օգնության հասավ:

Մի օր ամուսնուս ընկերոջ կինն այցելեց ինձ և տեսնելով իմ ծանր վիճակը` սկսեց խոսել Աստծո մասին: Նա ասաց, որ Աստված կարող է բժշկել ինձ և կարդաց Եսայի մարգարեության 53-րդ գլուխը, որտեղ գրված է. «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Աստծո Խոսքի ընթերցանությունն իմ սրտում ապրելու հույս ծնեց: Այդ գիշեր ես որոշեցի սրտանց աղոթել Աստծուն եւ ասացի. «Հիսուս, ես չեմ ճանաչում Քեզ և չգիտեմ` այդ կնոջ ասածը հեքիաթ է, թե ճշմարտություն: Եթե Դու կաս, խնդրում եմ, կյանք տուր ինձ: Ես երեխաներ ունեմ, չեմ ուզում մահանալ, ուզում եմ ապրել»: Աղոթքից հետո առաջին անգամ քնեցի առանց ցավերի:

Ամուսնուս ընկերոջ կինը ինձ հրավիրեց եկեղեցի: Սկզբում հրաժարվեցի և ասացի, որ ժամանակ չունեմ, բայց հետո կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր. «Մի ոտքով գերեզմանում ես, և դեռ ասում ես` ժամանակ չունեմ: Իսկ երբ ես ժամանակ ունենալու»: Ես որոշեցի անպայման գնալ:

Երկար ժամանակ առանց որևէ մեկի օգնության ոչ մի քայլ չէի արել: Այդ օրը ինքնուրույն վեր կացա անկողնուց, հագնվեցի և դուրս եկա տնից: Մինչև հավաքույթի վայրը մի կանգառ պետք է քայլեի: Թվում էր` ոչ թե ես եմ քայլում, այլ ինչ-որ մեկն իր ձեռքերի վրա տանում է ինձ: Մի քիչ ուշացումով տեղ հասա: Հավաքույթն արդեն սկսվել էր: Նստեցի ու լուռ լսեցի փառաբանությունը, իսկ հետո` Աստծո Խոսքը: Հավաքույթի վերջում աղոթեցին ինձ համար:

Աղոթքի ժամանակ ամբողջ մարմնովս մեկ կրակի նման զորություն անցավ, որը շարունակվեց մի քանի րոպե: Դրանից հետո երբ ինձ նայեցի հայելու մեջ, կարծես ուրիշ մարդ լինեի. մահվան շուքը հեռացել էր ինձանից, աչքերս փայլում էին, կյանքով էին լցվել: Ամուսինս նույնպես նկատեց, որ փոխվել եմ, երբ եկավ ինձ տուն տանելու: Ես չգնացի ստուգման, քանի որ արդեն շատ լավ էի զգում ինձ, ցավեր չունեի և 24 օր չուտելուց հետո ախորժակս բացվել էր:

Մի քանի ամիս անց եկեղեցական մեծ ծառայության ժամանակ քարոզիչն ասաց, որ դահլիճում կա մի կին, ում համար Աստված իրեն ուղարկել է Հայաստան: Նա ձեռքը մեկնեց այն ուղղությամբ, որտեղ ես նստած էի և նշեց իմ հիվանդության անունը: Հուզմունքից չկարողացա ոտքի կանգնել: Նա աղոթեց ինձ համար և քշեց հիվանդության ոգուն: Ես զգացի, որ անտանելի հոտով ինչ-որ բան պոկվեց իմ ներսից և հեռացավ ինձանից: Աստծո ներկայությունն այնքան զորավոր էր, որ երկար ժամանակ կարծես անզգայացած լինեի:

Տարիներ հետո 2002 թվականին գնացի բժշկական հետազոտության: Բժիշկները հաստատեցին, որ ես կատարյալ առողջ եմ: Արդեն 17 տարի է անցել: Ես իմ հարազատների կողքին եմ` լիովին բժշկված ու ապաքինված: Փառք Աստծուն: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նրա ձեռքը չի կարճացել` փրկելու մարդկանց, բժշկելու և վերականգնելու փշրված կյանքերն ու ճակատագրերը: Այսօր ես իմ ողջ ընտանիքով ծառայում եմ իմ Տիրոջը` որպես սիրո և երախտագիտության նշան:

Հռիփսիմե Խուդոյան