ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի՛ եկեղեցի, ձեր ջերմեռանդ աղոթքների շնորհիվ Մոսկվայում բնակվող Գոքորը բժշկվեց կորոնավիրուսից: Փա՜ռք մեր Ամենակարող Տիրոջը Իր մեծ սիրո համար։ Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այդքան հոգատար եք: Թող Տերը օրհնի ձեզ:

Հովհաննիսյան Զոյա
Երկու ամիս ոտքս շատ ուժեղ ցավում էր, և չէի կարողանում լավ քայլել։ Միշտ ծնկի էի գալիս Աստծո առջև ու աղոթում էի, ասում էի՝ ոտքս ցավա թե ոչ, ինձ չի խանգարելու, որ աղոթեմ Աստծուն։ Եվ երեկոյան աղոթքի ժամանակ բժշկվեցի: Արդեն մեկ շաբաթ է՝ոտքս չի ցավում։ Փա՜ռք Աստծուն:

Ես Հրազդանից եմ: Մի քանի օր առաջ խնդրել էի աղոթել քույրիկիս՝ Նարինեի աչքի համար. թաք ձեթը թռել էր աչքի մեջ, և տեսողությունը վնասվել էր, նա սկսել էր խավար տեսնել: Աստծո ողորմությամբ և ձեր միասնական աղոթքի շնորհիվ քույրիկս բժշկվել է, տեսողությունը վերականգնվել է: Փառք մեր Ամենակարող Աստծուն, շնորհակալություն ձեր սրտացավ աղոթքների համար

Բարև ձեզ։ Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ վկայությունով։ Մի քանի տարի առաջ հայկական սերիալներից մեկի մեկնաբանություններում մի կայք էր նշված, որն ինձ հետաքրքրեց։ Մուտք գործեցի՝ իմանալու համար, թե ինչ կայք է։ Պարզվեց պոռնոգրաֆիկ էջ է։ Մի որոշ ժամանակ անց կրկին բացեցի այդ էջը։ Հետո դարձավ սովորություն Մտածում էի՝ ուղղակի նայում եմ. դա ինձ բավականություն է տալիս, բայց ես մեղք չեմ գործում: Երկու տարի շարունակ (գուցեև ավելի՝ հստակ չեմ հիշում) պարբերաբար մտնում էի այդ կայքը։ Ես միշտ տխուր էի: Սուտն ինձ բավականություն էր պատճառում (չէի կարողանում ճշմարտությունն ասել նույնիսկ ամենապարզ դեպքերում, միշտ մի բան պիտի խաբեի): Ագրեսիվ էի, ինձ ոչինչ երբեք չէր գոհացնում։ Դադարեցի Աստվածաշունչ կարդալուց, աղոթելուց։ Նույնիսկ օրեր են եղել, երբ կասկածել եմ Աստծո գոյությանը: Վերջերս, երբ դիտում էի կիրակնօրյա ծառայությունը, հովիվ Արթուրն ասաց, որ անդրադառնալու են «Ինչպե՞ս ազատագրվել պոռնոգրաֆիայից» հարցին: Սկսեցի ավելի խորը մտածել այդ հարցի մասին և հասկացա, որ իրոք մեղավոր եմ։ Որոշում կայացրի և այդ օրվանից չեմ մտել այդ կայքերը: Ուրախությունս վերադարձել է, Աստծո հետ  հաղորդակցությունը վերականգնվել է իմ կյանքում։ Հիմա, երբ մտածում եմ այդ կայքերի մասին, բացում եմ Աստվածաշունչն ու սկսում եմ կարդալ, քարոզներ եմ դիտում։ Փորձում եմ միտքս զբաղեցնել Աստծո խոսքով և աղոթքներով։ Նույնիսկ մեր տան անդամներն են զգում իմ փոփոխությունը: Առաջվա պես ագրեսիվ չեմ: Ընկերներիս հետ խոսում եմ Աստծո մասին: Իսկապես, մարդը ինչով լցված է, դրա մասին էլ խոսում է: Ես ապաշխարել եմ և այլևս ետ չեմ դառնա հին մեղքին։ Աստված օրհնի բոլորիդ:

Ես ուզում եմ վկայել, որ ծնոտիս վրա կիստա կար, և աղոթքի միջոցով բժշկվել եմ:

Կարինե Մարտունի

Բարև ձեզ, մոտավորապես 20-25 օր առաջ հովիվ Արթուրի քարոզը լսելուց հետո մեկնաբանություններում խնդրանք էի գրել, որ աղոթեն ամուսնուս բժշկության համար. նա վիրահատության պետք է գնար: Փ ա՜ռք Հիսուսին, ամուսինս ապաշխարեց, հիմա դիտում է օնլայն քարոզները, Աստվածաշունչ է կարդում, աղոթում է և հավատում, որ բժշկվելու է, նույնիսկ չի ուզում վիրահատության գնալ:

Բարև ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աղոթքների համար. Աստված բժշկեց հայրիկիս: Նա մոտավորապես մեկ ամիս հիվանդանոցում պառկած էր, բայց այսօր նրան դուրս գրեցին, և նա արդեն մեր կողքին է: Փա՜ռք Աստծուն: Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն ամեն ինչի համար, որ անում եք:

Ձեզ գրում է Ռուսուդանը։ Ես տնային տնտեսուհի եմ: Ամբողջ փետրվար և մարտ ամիսներին տառապում էի մեջքի ուժեղ ցավերից։ Սրսկումներն ու դեղերը չէին օգնում ինձ։ Ամեն օր միաբանվում էի երեկոյան հովվական աղոթքներին` սպասելով Աստծուց իմ բժշկությանը: Աղոթքներից մեկի ժամանակ հ ովիվ Արթուրը նկարագրեց իմ վիճակը և ասաց. «Վե՛ր կաց և կանգնի՛ր,  դու բժշկված ես Հիսուս Քրիստոսի անունով»: Ես վեր թռա տեղիցս և զգացի, որ ոչ մի ցավ չունեմ։ Փա՜ռք Հիսուսին։ Շնորհակալություն ձեր աղոթքների համար:

Բարև ձեզ:
Մեր երեխան 3 օր բարձր ջերմություն ուներ (38-39 աստիճանից չէր իջնում): Երեկ նրա համար աղոթեցին ուղիղ եթերում։ Մոտավորապես կես ժամ հետո երեխայի ջերմությունն իջավ: Շնորհակալ ենք, որ ժամանակ եք տրամադրում մարդկանց կարիքների համար աղոթելուն: Թող Աստված օրհնի և էլ ավելի զորացնի մեր բոլոր հովիվներին։

Գևորգը վկայում է, որ ավտոմեքենայով գլորվել են ձորը, որտեղով Դեբեդ գետն է հոսում: Մեքենայում 6 հոգով են եղել: Մի քանի անգամ գլորվելուց հետո հասկացել են, որ անհնար է փրկվելը: Գևորգը գոռացել է. «Տե՛ր Հիսուս, փրկիր մեզ»: Հենց այդ պահին մեքենան գլխի վրա շրջված մեկ անգամ էլ գլորվել ու կանգ է առել անմիջապես գետի ափին: Ոչ մեկին ոչինչ չի պատահել, նույնիսկ փոքրիկ վնասվածք չեն ստացել: