top of page

Ինչպե՞ս կարող ես հարաբերություն հաստատել Աստծո հետ

Ինչպես ճանաչել Աստծուն

1. Գիտակցի՛ր, որ մեղավոր ես

Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:

2. Ընդունի՛ր, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար

Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց` մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։

3. Ապաշխարի՛ր մեղքերիդ համար

Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է փոխել մեր կյանքի ուղղությունը։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։

4. Ընդունի՛ր Հիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում

«Քրիստոնյա դառնալ» չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես հավատքով, սրտանց աղոթի՛ր.

«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ՝ ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամե՛ն»:

Ինչպես ճանաչել Աստծուն

Ինչպե՞ս հոգևոր հասունանալ

Բարի գալո՛ւստ Աստծո ընտանիք։

Դու կայացրել ես կյանքիդ ամենակարևոր որոշումը` ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին։ Հավանաբար քո մեջ շատ ու շատ հարցեր կառաջանան հոգևոր այս կամ այն թեմայի վերաբերյալ: Գուցե և կարիք լինի թողնելու քո հին սովորությունները՝ Հիսուս Քրիստոսի մեջ աճելու համար: Հոգևոր աճը ժամանակ է պահանջում, բայց դա սկսվում է հենց հիմա ու հենց այնտեղից, որտեղ դու ես:

Գրի՛ր մեզ Հիսուսին ընդունելու քո որոշման մասին։ Մենք ցանկանում ենք քեզ նվեր ուղարկել Նոր Կտակարան և հոգևոր ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն աճելու Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերություններում։

Առաջին քայլեր դեպի Աստված

 

Կարդա՛ Աստվածաշունչը

Աստված Իրեն բացահայտում է Իր Խոսքի միջոցով։ Կարդալով Աստվածաշունչը՝ դու կկարողանաս ավելի լավ ճանաչել Նրան և հասկանալ, թե ինչն է Նրան հաճելի։ Իսկ Աստծո Խոսքին հնազանդվելով՝ դու կզորանաս և քո կյանքում դրական փոփոխություններ կտեսնես։

Արի՛ եկեղեցի

Աստված մեզ պատվիրում է մեկտեղ հավաքվելը չթողնել (Եբրայեցիս 10․25)։ Քրիստոնյաների հետ հաղորդակցությունը կօգնի աճելու ու հոգևոր լավ «մարզավիճակում» լինելու: Եկեղեցին կառաջնորդի քեզ Աստծո Խոսքով, հնարավորություն կտա գործածելու Աստծուց տրված պարգևներն ու հմտությունները։

Սկսի՛ր ապրել Աստծո համար

Ի՞նչ է նշանակում «ապրել Աստծո համար»։ Նախևառաջ դա նշանակում է հնազանդվել Աստծուն: Երբ սկսում ես Աստվածաշունչ կարդալ, աղոթել, մաքրվում են մտքերդ, փոխվում է կյանքիդ ընթացքը, գործողություններդ, դու սկսում ես ապրել Աստծո Խոսքի համաձայն և նմանվել Հիսուս Քրիստոսին:

Պատմի՛ր Նրա մասին

Աստված մեզ պատվիրեց Ավետարանը քարոզել բոլոր մարդկանց (Մարկոս 16․15): Պատմի՛ր Հիսուսի մասին, ասա՛, որ հավատում ես Նրան, և թե ինչ է արել Նա քեզ համար: Կարիք չկա սպասելու, թե երբ կդառնաս Աստվածաշնչի «մասնագետ», որպեսզի փոխանցես փրկության լուրը։

Մի՛ մոլորվիր

Դառնալով Աստծո զավակ՝ դու դառնում ես սատանայի թշնամին, և նա կփորձի քեզ գայթակղել, որպեսզի չհնազանդվես Աստծուն։ Փորձվելը մեղք չէ, սատանան փորձեց գայթակղել նույնիսկ Հիսուսին (Ղուկաս 4.1-3), բայց գայթակղությանը տրվելը մեղք է: Քրիստոնյաների կյանքում երբեմն լինում են դժվարություններ, փորձություններ, սակայն Աստված խոստացել է միշտ լինել մեզ հետ և զորացնել մեզ դժվարությունների մեջ:

bottom of page