top of page

Կյանքի Խոսք եկեղեցու հայեցակարգի հիմունքները

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին քրիստոնեության ավետարանական շարժին պատկանող եկեղեցի է, որը չի առաջացել ուրիշ եկեղեցուց անջատման արդյունքում, այլ ունի լիովին ինքնուրույն ծագում։ 1988-1990թթ․ այն հանդիսացել է միասին աղոթող հավատացյալ քրիստոնյաների մի խումբ, որը ժամանակի ընթացքում դարձել է հազարավոր հետևորդներ ունեցող եկեղեցի։ Մենք դավանում ենք Սուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Մեր հավատի և դավանանքի հիմքը 66 կանոնական գրքերից բաղկացած Աստվածաշունչ մատյանն է։

  

Մենք հավատում ենք, որ եկեղեցու գլխավոր առաքելությունն է փրկության Ավետարանը քարոզել ազգերին մինչև Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մենք միսիոներական եկեղեցի ենք, որը տարածում է Բարի լուրը ոչ միայն Երևանում և մարզերում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Քրիստոսի մեծ հանձնարարականը կատարելով՝ մենք հոգևոր արթնություն ենք կառուցում մեր երկրում։

Մենք հավատում ենք, որ եկեղեցու կոչումն է Ավետարանը քարոզել ոչ միայն խոսքերով, այլև բարի գործերով։ Աստծո հոգատարությունն ու կարեկցանքը մարդու հանդեպ դրսևորվում է եկեղեցու գթասիրական ծառայության շնորհիվ։

 

Մենք հավատում ենք, որ Ընդհանրական եկեղեցին ամբողջական է։ Մենք մեզ դիտում ենք Տիեզերական եկեղեցու բաղկացուցիչ մաս և հարգանքով ենք վերաբերվում մյուս քրիստոնեական եկեղեցիներին։ Կարևոր ենք համարում միջեկեղեցական հաղորդակցության պահպանումը։ Որպես սկզբունք առաջնորդվում ենք հետևյալ բանաձևով․ «Գլխավորում՝ միաբանություն, երկրորդականում՝ ազատություն, ամեն ինչում՝ սեր»։

 

Մենք հավատում ենք, որ ընտանիքն Աստծո ստեղծագործությունն է։ Ուժեղ եկեղեցու և պետության հիմքը ուժեղ ընտանիքն է։ Աստվածապաշտ ընտանիքի մոդելը, քրիստոնեական ընտանեկան արժեքները խրախուսելը կարևոր է մեր հասարակության զարգացման և բարոյական նկարագրի պահպանման համար։

 

Մենք հավատում ենք, որ ազգի առաջադիմության  համար անհրաժեշտ է քրիստոնեական հավատի, բարոյական նորմերի փոխադարձ ամուր կապը մարդկության գործունեության այնպիսի ոլորտների հետ, ինչպիսին են՝ կրթությունն ու գիտությունը, մշակույթն ու արվեստը։

 

Մենք հավատում ենք, որ եկեղեցին և պետությունը, իրենց էությամբ լինելով տարբեր կառույցներ, կանչված չեն միջամտելու միմյանց ներքին կյանքին և գործունեությանը։ Սակայն նրանց փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, օրինակ՝ խոցելի խմբերի հանդեպ հոգևոր-սոցիալական խնամքն ու աջակցությունը, հանցավոր բարքերի և արատավոր սովորույթների կանխարգելումը, քրիստոնեական բարոյականության և կրթության ապահովումը և այլն, կարող է շատ օգտակար լինել հասարակության բարօրության համար։

Մենք հավատում ենք, որ ամեն փրկված և վերստին ծնված քրիստոնյա կանչված է դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը։ Դա հնարավոր է լինում, երբ քրիստոնյան հաստատվում է եկեղեցում։ Աշակերտությունը, Աստծո Խոսքի քարոզը, հոգևոր կրթությունը մեր կարևոր գործերից մեկն է, որի նպատակն է մարդկանց մոտեցնել Տիրոջը, որպեսզի նրանք ճանաչեն և ծառայեն Աստծուն։

 

Մենք հավատում ենք, որ աղոթքն ու փառաբանությունը եկեղեցական կյանքի կարևոր սյուներն են։ Աստված արժանի է ընդունելու մեր սրտի լավագույն պաշտամունքը, գոհությունն ու երկրպագությունը։ Աղոթքը Տիրոջ հետ հաղորդակցության և համագործակցության զորավոր միջոցն է։

Մենք հավատում ենք, որ եկեղեցին և քաղաքականությունը չպետք է միախռնվեն։ Եկեղեցին՝ որպես հոգևոր կառույց, չի կարող զբաղվել քաղաքական քարոզչությամբ կամ սատարել քաղաքական կուսակցությունների։ Միևնույն ժամանակ, քրիստոնյաները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ազատ են ինքնուրույն որոշելու իրենց քաղաքական հայացքները՝ սեփական համոզմունքների և խղճի թելադրանքի համաձայն։

 

«Կյանքի Խոսք» եկեղեցին խրախուսում է իր անդամների օրինապահ լինելը և որևէ սահմանափակում չի դնում պետական տոները, ծննդյան օրերը կամ այլ տարեդարձները նշելու առումով։

 

Եկեղեցին միանգամայն մերժելի է համարում արհեստական վիժեցումը, կլոնավորումը, էվթանազիան, նույնասեռականությունն ու սեռի փոփոխումը։

bottom of page