Select Page

Բարև ձեզ։ Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ վկայությունով։ Մի քանի տարի առաջ հայկական սերիալներից մեկի մեկնաբանություններում մի կայք էր նշված, որն ինձ հետաքրքրեց։ Մուտք գործեցի՝ իմանալու համար, թե ինչ կայք է։ Պարզվեց պոռնոգրաֆիկ էջ է։ Մի որոշ ժամանակ անց կրկին բացեցի այդ էջը։ Հետո դարձավ սովորություն Մտածում էի՝ ուղղակի նայում եմ. դա ինձ բավականություն է տալիս, բայց ես մեղք չեմ գործում: Երկու տարի շարունակ (գուցեև ավելի՝ հստակ չեմ հիշում) պարբերաբար մտնում էի պոռնոգրաֆիկ էջեր։ Մտածում էի՝ ուղղակի նայում եմ, մեղք չեմ գործում: Սակայն նկատեցի, որ սկսել եմ փոխվել: Ես միշտ տխուր էի: Սուտն ինձ բավականություն էր պատճառում (չէի կարողանում ճշմարտությունն ասել նույնիսկ ամենապարզ դեպքերում): Ագրեսիվ էի, ինձ ոչինչ երբեք չէր գոհացնում։ Դադարեցի Աստվածաշունչ կարդալուց, աղոթելուց։ Նույնիսկ օրեր են եղել, երբ կասկածել եմ Աստծո գոյությանը: Վերջերս, երբ դիտում էի կիրակնօրյա ծառայությունը, հովիվ Արթուրն անդրադարձավ «Ինչպե՞ս ազատագրվել պոռնոգրաֆիայից» հարցին: Սկսեցի ավելի խորը մտածել այդ հարցի մասին և հասկացա, որ իրոք մեղավոր եմ։ Ապաշխարեցի և այդ օրվանից չեմ մտնում այդ կայքերը: Ուրախությունս վերադարձել է, Աստծո հետ հաղորդակցությունը վերականգնվել է իմ կյանքում։ Հիմա, երբ հիշում եմ այդ կայքերի մասին, բացում եմ Աստվածաշունչն ու սկսում եմ կարդալ, քարոզներ եմ դիտում։ Փորձում եմ միտքս զբաղեցնել Աստծո խոսքով և աղոթքներով։ Նույնիսկ մեր տան անդամներն են զգում իմ փոփոխությունը: Առաջվա պես ագրեսիվ չեմ: Ընկերներիս հետ խոսում եմ Աստծո մասին: Իսկապես, մարդը ինչով լցված է, դրա մասին էլ խոսում է: Ես ապաշխարել եմ և այլևս ետ չեմ դառնա հին մեղքին։ Աստված օրհնի բոլորիդ: