Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

04.05.2021 / Ի՞նչ է օգուտը, եղբայրներ, եթե մեկն ասի, թե հավատք ունի և գործ չունենա. մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան: Հակոբոս 2.14

Երեկվա խոսքը մեզ ասում էր. «… հավատքն առանց գործերի մեռած է», իսկ այսօր կարդում ենք շարունակությունը. «…եթե մեկն ասի, թե հավատք ունի և գործ չունենա. մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան»: Սատանան էլ է Աստծուն հավատում և վախենում է: Ի՞նչ օգուտ դատարկ հավատքից:
Շատ մարդիկ իրենց կյանքն անցկացնում են գիշերային ակումբներում, հարբում են, շնանում, թմրադեղեր օգտագործում, բայց ասում են. «Ես հավատում եմ Աստծուն»: Մի շնացող կին ասում էր. «Աստված իմ փրկիչն է»: Սակայն ի՞նչ օգուտ, եթե նա ոչինչ չէր անում Տիրոջը մոտենալու համար:
Մարդուն փրկում է այն հավատքը, որը գործեր ունի: Երբ մարդը, հավատալով Աստծուն, հեռանում է մեղքից, դա հավատքի գործ է: Եկեղեցի գնալը, աղոթելը, Աստծո Խոսքը կատարելը, բարեգործություն անելը, Տիրոջ համար ինչ-որ բան զոհաբերելը, ի վերուստ տրված տաղանդները Տիրոջը ծառայեցնելը հավատքի գործեր են: Իսկ եթե մեկը կարծում է, թե հավատք ունի, բայց այս գործերը և սրանցից էլ ավելին չի անում, «մի՞թե հավատքը կարող է ապրեցնել նրան»:
Դատարկ հավատքը չի կարող փրկել մարդուն: Եկեք ոչ միայն հավատացողներ լինենք, այլ նաև գործողներ, ոչ միայն Խոսքը լսողներ, այլ նաև կատարողներ:
Թող Աստված գերբնական օրհնություններով լցնի ձեր կյանքը: Ամե’ն: