Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

08.04.2021 / Եվ եղավ, երբ որ Աստված այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին, և հանեց Ղովտին այն կործանումի միջից, երբ որ կործանում էր այն քաղաքները, որոնցում Ղովտը բնակվում էր: Ծննդոց 19.29

Սա հրաշալի խոսք է, որը ցույց է տալիս Աստծո բնավորությունը: Ի՞նչ է անում Աստված այն մարդու համար, ում բարեհաճում է: Գրված է, որ երբ Աստված կործանում էր քաղաքները, փրկեց Ղովտին: Ինչո՞ւ: Աբրահամի՛ պատճառով:
Իհարկե, Ղովտը հետագայում հեռացավ Աբրահամից և գնաց ուրիշ ուղղությամբ` երևի մտածելով, թե ինքն արդեն շատ կարևոր անձնավորություն է դարձել: Սակայն Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ նրա բոլոր օրհնություններն Աբրահամի շնորհիվ էին, որովհետև Աստված Աբրահամի հետ էր:
Սիրելինե’ր, եկեք խորհենք այս խոսքի շուրջ և որոշում կայացնենք՝ նմանվելու Աբրահամին: Նա հավատքի մարդ էր, լսում էր Աստծուն և ապրում Նրա կամքի համաձայն: Եվ Աստված նրա հնազանդության պատճառով մեծ գործեր էր անում:
Եկեք իրականում դառնանք այնպիսի մարդիկ, որ մեր շնորհիվ չարիքն ու կործանումը չմոտենան մեր հարազատներին ու բարեկամներին: Աստվածաշնչում գրված է. «Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո մարդը կապրեցնես, կամ՝ ի՞նչ գիտես, մա՛րդ, գուցե քո կինը կապրեցնես»: Նշանակում է՝ քո հավատքի միջոցով կարող է փրկվել քո հարազատը:
Ինչպես Աբրահամի միջոցով փրկության դուռ բացվեց Ղովտի համար, այնպես էլ մեր հավատքի և հավատարմության միջոցով դուռ կբացվի մեր հարազատների ու բարեկամների փրկության համար: Ամե՛ն: