Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

10.06.2021 / Սրա համար Աստծո կամքի պես չարչարվողներն էլ թող ինչպես հավատարիմ Ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությունով: Ա Պետրոս 4.19

Պետրոս առաքյալը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են Աստծո կամքի համաձայն և անցնում դժվարությունների, չարչարանքների, հալածանքների միջով: Տերը հենց սկզբից էլ ասել է, որ քրիստոնյաները հալածանքներ կունենան: Շատ անգամ, երբ մարդիկ անցնում են դժվարությունների և հալածանքների միջով, դեպրեսիայի մեջ են ընկնում կամ էլ, ընդհակառակը, հպարտանում են:
Աստծո Խոսքն ասում է, թե ինչպես պետք է վարվենք հալածանքների ժամանակ, որ կարողանանք դուրս գալ այդ վիճակից և շարունակենք ծառայել Տիրոջը: Գրված է. «…թող ինչպես հավատարիմ Ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությամբ»:
Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ է: Հալածանքի ժամանակ Նա շարունակում էր մարդկանց բարություն անել. բժշկում էր, կերակրում, ազատագրում և օգնում:
Սիրելինե’ր, եթե դուք հավատքի մարդիկ եք, այսպես թե այնպես դժվարություններ կունենաք, բայց հիշեք, որ դժվարություններից դուրս գալու մի հրաշալի ձև կա, որն է բարեգործությունը:
Եղեք գթասիրտ և բարեգործ: Բարեգործությունը ձեզ կօգնի՝ չնկատելու այն չարչարանքներն ու տառապանքները, որոնցով ինքներդ եք անցնում:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: