Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

17.10.2020 / Եվ աղոթք անելիս շատախոս մի’ եղեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն:Մատթեոս 6.7

Աստված մեզ սովորեցնում է, որ աղոթելիս շատախոս չլինենք, ինչպես հեթանոսները, ովքեր կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն: Մատթեոսի 6.8-10-րդ խոսքերում Հիսուսը բացահայտում է աղոթքի գաղտնիքը. այն ամենը, ինչի համար պետք է աղոթել, ամփոփված է “Հայր մեր” աղոթքում:
“Հա°յր մեր, որ երկնքում ես…”. ամեն անգամ, երբ այս խոսքերով սկսում ենք աղոթել, Աստծուն Հայր ենք անվանում` գիտակցելով, որ մեր Երկնային Հորն ենք դիմում:
“Քո անունը սո’ւրբ լինի”. մենք պարտավորվում ենք՝ Նրա անունը սուրբ պահելու մեր կյանքում:
“Քո արքայությո’ւնը գա, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա”. մենք խնդրում ենք, որ Աստծո ուրախությունը, խաղաղությունը և արդարությունը հաստատվեն մեր կյանքում, որովհետև Աստծո արքայությունը ուրախություն, խաղաղություն և արդարություն է Սուրբ Հոգով:
“Քո կա’մքը լինի”. մենք հռչակում ենք, որ հոժար ենք ապրելու Նրա կամքով, ոչ թե մեր կամքի թելադրանքով:
“Մեր ամենօրյա հացը տո’ւր մեզ”: Սա բարգավաճման խնդրանք է. մենք հավատում ենք, որ Աստված կհոգա մեր կարիքների մասին, մեզ կօգնի, հաջողություն կտա:
“Եվ ների’ր մեզ մեր պատքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին”. մենք ներողություն ենք խնդրում մեր արարքների համար՝ խոստանալով ներել նրանց, ովքեր մեղանչել են մեր հանդեպ:
Եվ վերջում աղոթում ենք մեր ապահովության համար. “Ու մի’ տար մեզ փորձության և չարից մեզ ազատի’ր, քանի որ Քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս: Ամե’ն”:
Սիրելինե’ր, այս աղոթքի մեջ անսահման զորություն կա: Մենք ամեն օր աղոթում ենք “Հայր մեր”-ը. միացե’ք մեզ:
Աղոթքի մեջ շատախոսությունը հեթանոսության նշան է: Աստվածաշնչում գրված է, որ Սուրբ Հոգին մեզ օգնում է աղոթելու, որովհետև մենք չգիտենք, թե մեզ ինչ է պետք, բայց Նա անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար: Վաղը կշարունակենք խոսել Սուրբ Հոգով աղոթքի մասին, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: