Այս հրաշալի առակը մեզ սովորեցնում է, որ նորը ավելի մեծ զորություն ունի, քան հինը: Տերը տալիս է նոր, գերբնական օծություն, բայց մեր հին մարդը պետք է նորոգվի, որ կարողանա ընդունել նորը: Մենք պետք է հրաժարվենք մեր հին մտածելակերպից, բնավորությունից ու սովորություններից:
Քրիստոնյա ծառայողներից մեկը` Լեսթեր Սամրալը, ասում էր. «Որտեղ արթնություն լինի, ես ցանկանում եմ լինել այնտեղ»: Այդ մարդը միշտ պատրաստ էր նորովի քայլելու առաջ:
Լինում են ժամանակներ, երբ նոր զորություն է գալիս, բայց մարդն այնպես է վարժվել հնին, որ պարզապես չի կարողանում ընդունել նորը: Դա վերաբերում է թե՛ փառաբանությանը, թե՛ երկրպագությանը, թե՛ աղոթքին: Տարիքը նշանակություն չունի` ծերը կարող է լցվել նոր գինով, իսկ երիտասարդը` ոչ:
Պողոս առաքյալն ասում էր` հինը մոռանալով` շարժվում եմ առաջ: Մեր կյանքում երբեք ոչ մի նոր բան չի կատարվի, եթե կառչենք հնից:
Եկեք լցվենք Սուրբ Հոգու զորությամբ և նորոգվենք մտքով: Վերցնենք այն ամենը, ինչ Աստված պատրաստել է մեզ համար և շարժվենք առաջ: Ամե՛ն:
Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք
