Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

22.07.2021 / Եվ Իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքի մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և դրանք կատարեք: Եզեկիել 36.27

Աստված Իր Հոգին դրել է մեր մեջ: Մենք մկրտված ենք Սուրբ Հոգով և աղոթում ենք այլևայլ լեզուներով: Փառք Աստծուն այդ պարգևի համար. Աստվածաշունչն ասում է, որ մենք չգիտենք, թե մեզ ինչ է պետք, բայց Սուրբ Հոգին անբարբառ հառաչանքներով բարեխոսում է ամեն մեկիս համար:

Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ հիշեցնի Աստծո օրենքը: Նա մեզ օգնում է, որպեսզի ապրենք Աստծո պատվիրանների համաձայն ու պահենք Նրա դատաստանները:

Սիրելինե՛ր, մենք ապրում ենք վերջին օրերում և գիտենք, որ Աստծո դատաստանները գալու են աշխարհի վրա: Սուրբ Հոգին ցանկանում է մեզ առաջնորդել դեպի հավիտենական կյանքը: Ուստի, երբ Նա սովորեցնում և հանդիմանում է ձեզ, մի՛ փակեք ձեր ականջները, այլ հնազանդվեք և փոխվեք: Մի՛ անարգեք Սուրբ Հոգուն: Թույլ մի՛ տվեք, որ մեղքն Աստծո Խոսքից արժեքավոր լինի ձեր կյանքում: Պահե՛ք Աստծո օրենքն ու դատաստանները և ուրիշներին էլ հիշեցրեք դրանց մասին:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն: