Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

24.11.2022 / Եվ այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորությունում և պարսիկ Կյուրոսի թագավորությունում: Դանիել 6.28

Դանիելը հաջողություն գտավ Դարեհ և Կյուրոս թագավորների օրոք: Խոսքը ոչ թե մի փոքրիկ թագավորության, այլ հզոր կայսրության մասին է, որտեղ մարդկանց պարտադրում էին հնազանդվել: Ոչ ոք չէր կարող թագավորի կամքին հակառակվել և անպատիժ մնալ: Սակայն, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ամենածանր իրավիճակում մարդը կարող է հաջողության հասնել, երբ Աստված նրա հետ է:
Դանիելն ապրում էր մի երկրում, որտեղ Աստծուն երկրպագելն արգելված էր: Նա իր հավատքի համար շատ դժվարությունների հանդիպեց, նույնիսկ առյուծների գուբը նետվեց, սակայն հաղթող դուրս եկավ բոլոր իրավիճակներից:
Սիրելինե՛րս, կարևոր չէ, թե որ թագավորությունում կամ պետությունում եք ապրում, և ինչպիսի օրենքներ կամ տնտեսական վիճակ է տիրում ձեր երկրում: Եթե Տերը ձեզ հետ է, որտեղ էլ լինեք, կարող եք հաջողության հասնել:
Դանիելի կյանքը մեզ համար վառ օրինակ է. նա որոշում կայացրեց, որ չի պղծվի թագավորական պալատի կերակուրներով, այլ հավատարիմ կմնա Տիրոջը, և հաջողությունը թակեց նրա դուռը:
Դուք էլ որոշում կայացրեք՝ ապրելու սուրբ կյանքով և հետևելու Տիրոջը, և կտեսնեք, թե ինչպես հաջողությունը կթակի ձեր դուռը:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: