Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

25.01.2023 / Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին: Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի: Հայտնություն 2.11

Հիսուս Քրիստոսն ասում է. «Ով ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին…»: Իհարկե, բոլորն էլ ականջ ունեն և կարող են լսել, բայց Տերը խոսում է հոգևոր լսողության մասին, որովհետև շատ մարդիկ թեև ապրում են հոգևոր կյանքով, բայց չեն լսում Սուրբ Հոգուն:
Սիրելինե՛ր, Աստված ասում է. «Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի»: Այս խոսքերը մեզ մխիթարում են և կոչ անում՝ դառնալու հաղթողներ:
Մի պահ մտածե՛ք ձեր այսօրվա դժվարությունների և հիասթափությունների մասին: Հավատացե՛ք՝ դրանք ժամանակավոր են: Աստծո օգնությամբ՝ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջ շարժվել: Մի՛ հապաղեք: Այսօր է ձեր հաղթանակի օրը:
Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի մեջ մենք հավիտենական կյանք ունենք, և Աստված հավիտենական օրհնություններ է պատրաստել մեզ համար: Սակայն մինչ այդ պետք է սովորենք հաղթահարել մեր կյանքում առաջացող մեծ ու փոքր խնդիրները և շարունակենք մեր քրիստոնեական ընթացքը:
Աստված խոստանում է, որ հաղթողները երկրորդ մահից չեն վնասվի, այսինքն` չեն կորցնի իրենց փրկությունը: Հաղթանակից հետո ավելի շատ ես գնահատում քեզ շնորհված փրկությունն ու Աստծո հետ միաբանությունը:
Եթե ձեր կյանքում հաղթանակներ չլինեն, ձեր հավատքն օր օրի կմարի: Այսօրվա իմ կոչն է, որ ապրեք և գործեք որպես հաղթողներ:
Թո՛ղ Աստծո օրհնությունները հավիտյան ձեզ հետ լինեն: Ամե՛ն: