Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

25.11.2021 / Այն ժամանակ այս Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից, որովհետև նրանում գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնի: Դանիել 6.3

Երեկ կարդացինք, որ Դանիելը հաջողություն գտավ Պարսից երկրում: Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ նա ոչ միայն հաջողություն ուներ, այլև բարձր էր բոլոր հրամանատարներից և կուսակալներից: Թագավորը նույնիսկ մտածում էր, որ նրան իր ողջ թագավորության վրա դներ: Պատճառն այն չէր, որ Դանիելը գեղեցիկ էր կամ մտավոր բարձր տվյալներ ուներ, այլ՝ նրա մեջ գերազանց հոգի կար:
Այդ ի՞նչ հոգի էր Դանիելի մեջ, որ մյուսները չունեին:
Սիրելինե՛ր, Դանիելի մեջ Սուրբ Հոգին էր, Նրա զորությունը: Այդ նույն Հոգին այսօր ձեր մեջ է: Եթե առաջնորդվեք Սուրբ Հոգով, ունենաք Տիրոջ իմաստությունը, որտեղ էլ աշխատեք, ձեզ կբարձրացնեն: Սա է Աստծուն հետևողների ճակատագիրը:
Նայե՛ք Հովսեփի կյանքի օրինակին: Նրան անտեղի մեղադրեցին և բանտարկեցին, բայց նա դուրս եկավ բանտից և դարձավ Եգիպտոսի տիրակալը, որովհետև նրա մեջ Աստծո գերազանց հոգին էր բնակվում:
Մենք էլ իշխանություն ունենք` հռչակելու Հիսուս Քրիստոսի նման, որ Տիրոջ Հոգին մեզ վրա է, և Տերը օծել է մեզ:
Գնահատե՛ք Սուրբ Հոգու ներկայությունը: Նրա զորությունը մեզ չի տրվել միայն օտար լեզուներով աղոթելու համար: Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ օգնի՝ մեծ գործեր իրականացնելու Տիրոջ համար: Նախանձավո՛ր եղեք ձեր կոչման հանդեպ, մի՛ անտեսեք այն, ինչ պետք է անեք Սուրբ Հոգով:
Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն: