Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

26.05.2023 / Որովհետև պատերազմդ խոհեմությամբ կանես, և հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի: Առակաց 24.6

Պատերազմ ասելով՝ մենք, սովորաբար, հասկանում ենք հարձակում, ագրեսիա, հակառակություն, բայց Աստծո Խոսքն ասում է. «… պատերազմդ խոհեմությամբ կանես»: Միգուցե դուք երբևիցե չեք լսել այդպիսի պատերազմի մասին: Նայե’ք Հիսուս Քրիստոսի կյանքին: Դուք կարող եք օրինակ վերցնել Նրանից, որովհետև Նա, իրականում, խոհեմությամբ հաղթեց Իր պատերազմը:
Մենք շատ ենք մտածում հաջողության մասին, երազում ենք հաջողակ մարդիկ լինել: Աստվածաշունչը մի գաղտնիք է բացահայտում: Գրված է. «…հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի»:
Այսօրվա կյանքը մարդկանց ստիպում է մեկուսանալ: Միգուցե հասարակության մեջ, աշխատանքի վայրում մենք մեկուսացած չենք, բայց երբ տուն ենք գնում, ձգտում ենք մեկուսանալու: Երեխաներն իրենց ժամանակն անցկացնում են համակարգչի առջև, մեծահասակները` հեռուստացույցի: Սակայն այսպես Տիրոջ իմաստությունը չի կարող դրսևորվել աշխարհում, որովհետև մեկուսացման մեջ իմաստություն չկա:
Իմաստությունը ստանում ենք Սուրբ Հոգու միջոցով, երբ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը և հաղորդակցվում Աստծո և մարդկանց հետ: Սատանան ուզում է իմաստությունը խլել Աստծո ժողովրդից, բայց Տերն ուզում է ավելացնել: Որքան շատ շփվենք Աստծո և մարդկանց հետ, այնքան մեր իմաստությունը կավելանա, որովհետև «…հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի»:
Սիրելինե’ր, հաջողություն եմ մաղթում ձեզ: Ունեցե’ք խորհրդականների շատություն, շփվե’ք ձեր ընտանիքի անդամների, ընկերների, ծանոթների հետ, ձեզ շրջապատե’ք այնպիսի մարդկանցով, ովքեր իսկապես մտածում են ձեր մասին և կարող են ճիշտ խորհուրդ տալ ձեզ: Մի’ մեկուսացեք և մի’ փորձեք միայնակ լուծել ձեր խնդիրները: Այդ ժամանակ դուք հաջողակ կլինեք: Եվ մի’ մոռացեք հետևել Հիսուսի օրինակին՝ խոհեմությամբ հաղթել ձեր պատերազմները:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: