01.01.2023 / Եվ հաստատ համոզված եմ սրանում, թե Նա, ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի օրը: Փիլիպպեցիներին 1.6
Սիրելինե’ր, այսօր բոլորս տոնում ենք Նոր տարին, ինչի առթիվ ցանկանում եմ ձեզ շնորհավորել և օրհնել: Թո’ղ Տերը ձեզ պահպանի, հաջողություններ և գերբնական զորություն տա, որպեսզի այս տարին սկսեք հանգստության, ուրախության և խաղաղության մեջ:
Նոր տարվա տոնին ընդունված է միմյանց նվերներ տալ: Թո’ղ այսօրվա խոսքը Նոր տարվա նվեր և ուղեցույց լինի ձեզ համար:
Հիսուսն ասաց․«Ես եմ դուռը» (Հովհ. 10։9): Ամենաէական բաներից մեկը դուռն է, որով մենք ներս ենք մտնում կամ դուրս ենք գալիս: Կան դռներ, որոնք բացվում են, և կան դռներ, որոնք փակվում են: Ո՞ւմ կամ ինչի՞ առաջ ենք դուռ բացում`մեղքի՞, թե՞ Աստծո…
Կարևորը միայն այն չէ, թե ինչ դուռ է իր կյանքում բացում մարդը, այլև այն, թե ինչ դուռ է բացում եկեղեցին իր երկրի համար: Օրհնությունների այն դուռը, որ կարող է բացել եկեղեցին, ոչ ոք չի կարող բացել:
Եվ այն դուռը, որ մենք այս տարի պետք է բացենք մեր երկրի համար՝ Ավետարանի և Խոսքի դուռն է: Եկեք լինենք մարդիկ, ում միջոցով Աստված կբացի այն:
Բացի Ավետարանի դռնից, գոյություն ունի մի բացասական դուռ՝ դժոխքի դուռը, որը բաց է շատ երկրներում, սակայն մենք կարող ենք այն փակել, եթե միայն բացենք Երկնքի դռները:
«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մաթևոս 16.18):
Այս տարի մենք պետք է փaկենք դժոխքի դուռը և բացենք Ավետարանի ու Խոսքի դուռը, օրհնությունների ու Երկնքի դուռը մեր երկրի, մեր ընտանիքների, մեր եկեղեցու համար, և ոչ ոք չի կարողանա փակել դրանք:
Հավատքը գործողություն է։ Եկեք թակենք, և Տերը կբացի այդ դռները։ Ես հավատում եմ, որ եթե մենք լինենք համարձակ և քարոզենք Ավետարանի Խոսքը, Աստված արդյունավետ դուռ կբացի մեզ համար, և շատ պտուղ կունենանք։
«Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի» (Մաթևոս 7: 8):
Աստծո սերը, շնորհքն ու խաղաղությունը ամենիդ հետ լինի։ Ամեն։