01.05.2023 / Որովհետև այն, որ մեռավ` մեղքին մեռավ մեկ անգամ, և այն, որ կենդանի է` Աստծուն է կենդանի: Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեք և Աստծուն կենդանի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին: Հռոմեացիներին 6.10-12
Աստծո Խոսքն ասում է, որ եթե Քրիստոսի հետ կենդանացանք, ուրեմն՝ պետք է մեռած լինենք մեղքի համար և ապրենք Աստծո համար: Պողոս առաքյալը գրում է՝ թող մեղքը չթագավորի ձեզ վրա, որ չհնազանդվեք նրա ցանկություններին:
Բոլորս էլ երբևէ տեսել ենք մեռած մարդու: Ինչ էլ ասես կամ անես, նա քեզ չի լսի և չի արձագանքի: Այդպես էլ մեր անձերը պետք է մեռած լինեն մեղքի համար: Այն մեղքերը, որ աշխարհում գործել ենք, կվերադառնան մեզ մոտ, բայց մենք չպետք է դրանց տեղ տանք մեր սրտում:
Սիրելինե’ր, մենք կանչված ենք Տիրոջ փառքի, զորության և սիրո մեջ ապրելու: Սակայն մեղքը պատ է կառուցում մեր և Աստծո միջև՝ փափագելով մեզ գցել Աստծո փառքից և դժոխք տանել: Եկեք քանդենք այդ պատը և ապրենք սուրբ կյանքով:
Միգուցե կարդալով այսօրվա խոսքը՝ դու գիտակցում ես, որ քո կյանքում մեղքեր կան: Ես քեզ կոչ եմ անում, որ ապաշխարես, հեռանաս մեղքերից և դառնաս դեպի Տերը: Այդ ժամանակ իսկապես կվերապրես Տիրոջ սերն ու քաղցրությունը:
Հաղթանակը կախված է նրանից, թե ում ենք հնազանդվում. մե՞ղքն է թագավորում մեր մահկանացու մարմիններում, թե՞ Տերը:
Թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմիններում: Աղոթե’ք, մաքրե’ք ձեր անձերը: Թող Տիրոջ զորությունն ապրի ձեր մեջ: Մարմինը մահկանացու է, բայց հոգին թող ապրի հավիտյան: Ամե’ն: