Выбрать страницу
Ինչպես ճանաչել Աստծուն

Ինչպե՞ս կարող ես հարաբերություն հաստատել Աստծո հետ

  1. Գիտակցիր, որ մեղավոր ես

Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի՝ մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:

  1. Ընդունիր, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար

Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց` մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։

  1. Ապաշխարիր մեղքերիդ համար

Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարեք ու դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է «փոխել մեր կյանքի ուղղությունը»։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։

  1. Ընդունիր Հիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում

«Քրիստոնյա դառնալ» չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես սրտանց այս աղոթքն արա՝ գիտակցելով, թե ինչ ես ասում.

«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ, ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամեն»:

Ինչպե՞ս հոգևոր հասունանալ

Բարի գալուստ Աստծո ընտանիք։ Դու կայացրել ես կյանքիդ ամենակարևոր որոշումը` ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին։ Հավանաբար քո մեջ շատ ու շատ հարցեր կառաջանան հոգևոր այս կամ այն թեմայի շուրջ: Գուցեև կարիք կլինի թողնել քո հին սովորույթները՝ Հիսուս Քրիստոսի մեջ աճելու համար: Հոգևոր աճը ժամանակ է պահանջում, բայց այն սկսվում է հենց հիմա ու հենց այնտեղից, որտեղ որ դու ես:

Գրիր մեզ Հիսուսին ընդունելու քո որոշման մասին։ Մենք ցանկանում ենք քեզ նվեր ուղարկել Նոր Կտակարան և հոգևոր ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն քեզ աճելու Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերություններում։

Առաջին քայլեր դեպի Աստված

Կարդա Աստվածաշունչը

Քանի որ Աստված Իրեն բացահայտում է Իր Խոսքի միջոցով, դու կկարողանաս ավելի լավ ճանաչել Նրան և հասկանալ, թե ինչն է Նրան հաճելի։ Իսկ Աստծո Խոսքին հնազանդվելով՝ դու կզորանաս և քո կյանքում դրական փոփոխություններ կտեսնես։

Արի եկեղեցի

Աստված մեզ պատվիրում է մեկտեղ հավաքվելը չթողնել (Եբրայեցիս 10․25):   Իսկ քանի որ հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո Խոսքից (Հռոմեացիս 10․17), ուրեմն՝ արի եկեղեցի:  Քրիստոնյաների հետ հաղորդակցությունը կօգնի քեզ աճելու ու հոգևոր լավ «մարզավիճակում» լինելու: Եկեղեցին կառաջնորդի քեզ Աստծո Խոսքով, հնարավորություն կտա գործածելու Աստծուց տրված պարգևներն ու հմտությունները։

Սկսիր ապրել Աստծո համար

Ի՞նչ է նշանակում «Ապրել Աստծո համար»։ Նախևառաջ՝ նշանակում է հնազանդվել Աստծուն: Երբ սկսում ես Աստվածաշունչ կարդալ, աղոթել, մաքրվում են մտքերդ, փոխվում է կյանքիդ ընթացքը, գործողություններդ, դու սկսում ես ապրել Աստծո Խոսքի համաձայն և նմանվել Հիսուս Քրիստոսին:

Պատմիր Նրա մասին

Աստված մեզ պատվիրեց Ավետարանը քարոզել բոլոր մարդկանց (Մարկոս 16․15): Պատմիր մարդկանց Հիսուսի մասին, ասա, որ հավատում ես Նրան: Կարիք չկա սպասես, թե երբ կդառնաս Աստվածաշնչի «մասնագետ», որպեսզի վկայես։ Պատմիր մարդկանց քո անձնական վկայությունը, ասա, թե ինչ է արել Հիսուսը քեզ համար:

Մի մոլորվիր

Դառնալով Աստծո զավակ՝ դու դառնում ես սատանայի թշնամին, ու նա կփորձի քեզ գայթակղել, որպեսզի չհնազանդվես Աստծուն։ Փորձվելը մեղք չէ, սատանան նույնիսկ Հիսուսին փորձեց գայթակղել (Ղուկաս 4.1-3), բայց գայթակղությանը տրվելը մեղք է: Քրիստոնյաների կյանքում երբեմն լինում են դժվարություններ, փորձություններ, սակայն Աստված խոստացել է միշտ լինել մեզ հետ և զորացնել մեզ դժվարությունների մեջ: