Քրիստոնեական կյանքի հիմքերը

Ո՞վ է Աստված

Աստված Արարիչն է ամենի: Աստված Սուրբ Երրորդություն է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Ոչ թե երեք աստվածներ, այլ մեկ Աստված՝ երեք Անձով։ Նա է ճշմարիտ Լույսը: Աստված սիրող Հայր է, բայց միևնույն ժամանակ ատում է մեղքը և դատապարտում այն որպես արդար Դատավոր: Նա սուրբ է, արդարություն և իրավունք պահող, բայց նաև բազմագութ և ողորմած է Իր ամբողջ արարչության հանդեպ: Մեր Տերն ամենակարող ու ամենագետ Աստված է, և ոչ մի դժվար բան չկա Նրա համար: Նա է Բարձրյալ Աստվածը, Ով բնակվում է խոնարհ սրտերում:

Ո՞վ է Հիսուսը​

Հիսուսն Իր մասին ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»: Նա Աստծո Որդին է և Աստված է, Ով եկավ այս աշխարհ՝ ծնվելով կույս Մարիամից, ապրեց սուրբ կյանքով, խաչվեց մեր մեղքերի համար։ Հարություն առնելով մեռելներից՝ նստեց Երկնային Հոր աջ կողմը՝ ստանալով ամբողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա: Նա է Տերն ու Տիրակալը ամբողջ երկրի:

Ո՞վ է Սուրբ Հոգին

Հիսուսն ասաց, որ երբ Ինքը գնա Երկնային Հոր մոտ, կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգի Աստծուն, և Նա կմնա մեզ հետ հավիտյան: Սուրբ Հոգին մեր Օգնականն է, Ուսուցիչն ու Մխիթարիչը: Բոլորս Տիրոջ առաջնորդության, քաջալերանքի կարիքն ունենք և այդ պատճառով պետք է բաց լինենք Սուրբ Հոգու մեղմ ձայնը լսելու և այն մյուս ձայներից զանազանելու համար: Մենք խոստմունք ունենք Հիսուսից, որ մեզ որբ չի թողնի, և ընդունել ենք Որդեգրության Հոգին, Ով նաև ճշմարտության Հոգին է, որ առաջնորդում է մեզ ամեն ճշմարտության մեջ:

Ո՞վ է Մարդը

Մարդն Աստծո արարչագործության պսակն է։ Մենք Աստծո ստեղծած մյուս արարածներից առանձնանում ենք նրանով, որ ստեղծվել ենք Նրա իսկ պատկերով և նմանությամբ: Մարդն օժտված է ազատ կամքով և ընտրության հնարավորությամբ։

Նա ունի պատճառաբանելու և տրամաբանորեն մտածելու կարողություն։ Արարիչն Իր ստեղծարար ունակությունով է օժտել մարդկանց, և վերջիններս ստեղծագործում են՝ նորամուծություններ բերելով այս աշխարհ։ Աստված ստեղծել է մարդուն, որ վերջինս փառավորի ոչ թե ստեղծվածին, այլ ՍՏԵՂԾՈՂԻՆ։

Աստվածաշունչ, Ավետարան

Ավետարանը բարի լուր է այն մասին, որ Աստված ներում է մեր մեղքերը և շնորհում է մեզ հավիտենական կյանք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելության, ապա՝ հարության շնորհիվ։ Երբ ամբողջովին զղջում ենք և հրաժարվում մեր գործած մեղքերից՝ շրջվելով դեպի մեր Արարիչը, և ընդունում ու դավանում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Տեր ու Փրկիչ, մենք ստանում ենք հոգու փրկություն, հավիտենական կյանք և դառնում Նրա զավակները: Ավետարանը զորություն է՝ փրկելու մարդկանց այս մեղավոր աշխարհից՝ խավարի իշխանությունից փոխադրելով Աստծո Որդու արքայության մեջ։ Այս մասին մենք կարդում ենք Աստվածաշնչում, որն Աստծո Սուրբ Հոգով ներշնչված նամակ-գիրքն է մարդկությանը։

Ի՞նչ է Մեղքը

Մեղքը՝ Աստծո կողմից սահմանված օրենքների, պատվիրանների, կանոնների խախտումն է, որոնք ամրագրված են Աստվածաշնչում։ Բոլոր մեղքերը մեր սեփական կամքի այն արտահայտումներն ու դրսևորումներն են, որոնք հակառակ են հենց այդ պատվիրաններին: Հիսուսի արյունն ունի զորություն ջնջելու մեր բոլոր մեղքերն ու հանցանքները, երբ խոստովանում ենք մեր Տիրոջ առջև, Ով կարող է մեզ սուրբ և անարատ կանգնեցնել Իր Փառքի ներկայության մեջ:

Ի՞նչ է Փրկությունը

Հիսուս Անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստված է փրկությունը»: Հիսուսը եկավ այս աշխարհ՝ փրկելու մարդկությանը մեղքերից: Ամեն մարդ, ով կանչի Տիրոջ Անունը, կփրկվի: Աստված թանկ գին է վճարել մարդկության համար, որպեսզի նրանք հավիտենությունն անցկացնեն Իր հետ Իր արքայության մեջ: Արդարացումն Աստծո կողմից արված մի իրավական քայլ է, որով Տերը մեղավորին Իր առջև անմեղ է ճանաչում: Աստված կամենում է, որ յուրաքանչյուր մարդ ընդունի Իր հետ հաշտվելու հնարավորությունը և հավիտենական կյանք ստանա։

Ի՞նչ է Եկեղեցին

Եկեղեցին պարզապես մի շինություն կամ տաճար չէ. եկեղեցին Հիսուս Քրիստոսին հավատացողներն են ու Նրա գալստյանը սպասողները: Աստծո Խոսքն ասում է, որ այն նաև Քրիստոսի մարմինն է և հարսը այս երկրի վրա։ Տիրոջ Խոսքը պատվիրում է չթողնել միասին ժողովվելը: Աստված ամենուրեք ունի տեղական եկեղեցիներ, որտեղ մարդիկ պարբերաբար հավաքվում են լսելու և սովորելու Աստծո Խոսքը, դրանով զորանալու, իրենց աղոթքները միաբան բարձրացնելու Տեր Հիսուսին՝ սպասելով ու պատմելով Տիրոջ գերբնական հրաշքները:

Աշակերտություն

Լինել քրիստոնյա՝ նշանակում է ոչ միայն պարզապես հավատալ Հիսուս Քրիստոսին, այլև դառնալ Նրա աշակերտը։ Աշակերտը նա է, ով լսում, սովորում և կատարում է Ուսուցչի՝ Տեր Հիսուսի խոսքերը։ Հենց աշակերտներն առաջին անգամ Անտիոք քաղաքում կոչվեցին քրիստոնյաներ։ Իրապես աշակերտ է նա, ով հարատևում է աստվածային սիրո մեջ:

Ի՞նչ է Աղոթքը

Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելն ու Նրան լսելն է։ Արարված լինելով Աստծո պատկերով և նմանությամբ՝ բոլորս ունենք ունակություն շփվելու ոչ միայն մարդկանց հետ, այլև, հատկապես, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ճշմարիտ աղոթքն այն է, երբ մեր կամքը համահունչ է Աստծո կամքին, և մենք այդ կամքին համապատասխան խնդրանքներ ենք ուղղում մեր Արարչին։ 

Ի՞նչ է Երկրպագությունը

Աստված ստեղծեց մարդկությունը՝ Իրեն ճանաչելու, սիրելու և երկրպագելու ունակությամբ: Երկրպագությունը կրում է Աստծուն ակնածանք ցուցաբերելու գաղափարը, որով մենք հռչակում ենք Նրա արժանի լինելը: Աստծուն երկրպագել՝ նշանակում է պատվել, մեծարել և փառավորել Արարչին:

Ինչպե՞ս Հոգևորապես Աճել   

Ամեն երեխա, լույս աշխարհ գալով, կարիք ունի հոգատարության, սննդի, հագուստի և այլն: Նույնպես էլ ամեն մարդ, երբ վերստին ծնվում է Աստծուց, կարիք ունի համապատասխան պայմանների, որպեսզի ոչ միայն գոյատևի, այլ նաև աճի և զարգանա հոգևորապես: Հոգևորապես աճելու հիմնական պայմանը հոգևոր սնունդն է՝ Աստծո Խոսքը: Շատ կարևոր է նաև աղոթքը՝ հաղորդակցությունը Երկնային Հոր հետ, ինչպես նաև առավել կարևոր է հնազանդությունն այն ամենին, ինչ Տերն ասում է այդ հաղորդակցման ժամանակ: Գոհությունն ու հնազանդությունն Աստծուն՝ ապահովում են շարունակական հոգևոր աճ մեր ամբողջ կյանքի ընթացքում:

Սոցիալական հայեցակարգ