Ինչպե՞ս կարող ես հարաբերություն հաստատել Աստծո հետ
- Գիտակցիր, որ մեղավոր ես
Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի՝ մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:
- Ընդունիր, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար
Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց` մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։
- Ապաշխարիր մեղքերիդ համար
Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարեք ու դարձի եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է «փոխել մեր կյանքի ուղղությունը»։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։
- Ընդունիր Հիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում
«Քրիստոնյա դառնալ» չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես սրտանց այս աղոթքն արա՝ գիտակցելով, թե ինչ ես ասում.
«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ, ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամեն»:
Ինչպե՞ս հոգևոր հասունանալ
Բարի գալուստ Աստծո ընտանիք։ Դու կայացրել ես կյանքիդ ամենակարևոր որոշումը` ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին։ Հավանաբար քո մեջ շատ ու շատ հարցեր կառաջանան հոգևոր այս կամ այն թեմայի շուրջ: Գուցեև կարիք կլինի թողնել քո հին սովորույթները՝ Հիսուս Քրիստոսի մեջ աճելու համար: Հոգևոր աճը ժամանակ է պահանջում, բայց այն սկսվում է հենց հիմա ու հենց այնտեղից, որտեղ որ դու ես:
Գրիր մեզ Հիսուսին ընդունելու քո որոշման մասին։ Մենք ցանկանում ենք քեզ նվեր ուղարկել Նոր Կտակարան և հոգևոր ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն քեզ աճելու Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերություններում։
Առաջին քայլեր դեպի Աստված
Կարդա Աստվածաշունչը
Քանի որ Աստված Իրեն բացահայտում է Իր Խոսքի միջոցով, դու կկարողանաս ավելի լավ ճանաչել Նրան և հասկանալ, թե ինչն է Նրան հաճելի։ Իսկ Աստծո Խոսքին հնազանդվելով՝ դու կզորանաս և քո կյանքում դրական փոփոխություններ կտեսնես։
Արի եկեղեցի
Աստված մեզ պատվիրում է մեկտեղ հավաքվելը չթողնել (Եբրայեցիս 10․25): Իսկ քանի որ հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո Խոսքից (Հռոմեացիս 10․17), ուրեմն՝ արի եկեղեցի: Քրիստոնյաների հետ հաղորդակցությունը կօգնի քեզ աճելու ու հոգևոր լավ «մարզավիճակում» լինելու: Եկեղեցին կառաջնորդի քեզ Աստծո Խոսքով, հնարավորություն կտա գործածելու Աստծուց տրված պարգևներն ու հմտությունները։
Սկսիր ապրել Աստծո համար
Ի՞նչ է նշանակում «Ապրել Աստծո համար»։ Նախևառաջ՝ նշանակում է հնազանդվել Աստծուն: Երբ սկսում ես Աստվածաշունչ կարդալ, աղոթել, մաքրվում են մտքերդ, փոխվում է կյանքիդ ընթացքը, գործողություններդ, դու սկսում ես ապրել Աստծո Խոսքի համաձայն և նմանվել Հիսուս Քրիստոսին:
Պատմիր Նրա մասին
Աստված մեզ պատվիրեց Ավետարանը քարոզել բոլոր մարդկանց (Մարկոս 16․15): Պատմիր մարդկանց Հիսուսի մասին, ասա, որ հավատում ես Նրան: Կարիք չկա սպասես, թե երբ կդառնաս Աստվածաշնչի «մասնագետ», որպեսզի վկայես։ Պատմիր մարդկանց քո անձնական վկայությունը, ասա, թե ինչ է արել Հիսուսը քեզ համար:
Մի մոլորվիր
Դառնալով Աստծո զավակ՝ դու դառնում ես սատանայի թշնամին, ու նա կփորձի քեզ գայթակղել, որպեսզի չհնազանդվես Աստծուն։ Փորձվելը մեղք չէ, սատանան նույնիսկ Հիսուսին փորձեց գայթակղել (Ղուկաս 4.1-3), բայց գայթակղությանը տրվելը մեղք է: Քրիստոնյաների կյանքում երբեմն լինում են դժվարություններ, փորձություններ, սակայն Աստված խոստացել է միշտ լինել մեզ հետ և զորացնել մեզ դժվարությունների մեջ: