Select Page
ԱՄԵՆՕՐՅԱ ԽՈՍՔ

26.01.2023 / Որովհետև շատ ուրախություն և մխիթարություն ընդունեցինք քո սիրո վրա, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբա՛յր: Փիլիմոն 7

Այս խոսքերը Պողոս առաքյալը գրում է Փիլիմոնին: Կարծում եմ` նա մեծ պատիվ էր գտել, որ առաքյալն այսպիսի խոսքեր էր գրում իրեն: Պողոս առաքյալի նման չարչարված, հալածված, դժվարություններով անցած մարդու համար Փիլիմոնի վարքը նման էր սիրտը բժշկող յուղի:

Փիլիմոնը օրինակ է վերջին ժամանակների քրիստոնյաների համար: Եկեք մի պահ մտածենք, թե որքանով են մեր հովիվների կամ ավագների սրտերը մեզնով ուրախություն և հանգստություն գտնում:

Շատ մարդկանց թվում է, թե եկեղեցու ավագները կամ ծառայողները նշանակված են միայն իրենց խնդիրները լուծելու համար: Սակայն յուրաքանչյուրիս պարտականությունն է սիրով լցվել և դառնալ այնպիսի մարդիկ, որոնց վարքն ու արարքները ուրախություն, մխիթարություն և հանգստություն կպարգևեն ոչ միայն սուրբերին, այլև Աստծուն:
Ոմանք Աստծուն հիշում են միայն այն ժամանակ, երբ օգնության կարիք ունեն: Մինչդեռ մենք պետք է ձգտենք միշտ այնպես ապրել, որ Տիրոջ սիրտը հանգիստ լինի և մեզնով ուրախանա:

Մեր եկեղեցում կան մարդիկ, որոնց մասին մտածելիս ես` որպես հովիվ, ուրախանում եմ, իմ սիրտը հանգիստ է, որ նրանք մինչև վերջ հավատարիմ կծառայեն Տիրոջը և շատ պտուղ կբերեն: Բայց կան մարդիկ, որոնց համար միշտ անհանգստանում եմ, որ հանկարծ մեղքի մեջ չընկնեն, Աստծուց չհեռանան, իրենց ընտանիքը չկորցնեն և այլն:

Այս վերջին ժամանակներում շատ կարևոր է՝ ունենալ հանգիստ սիրտ և ուրախությամբ ծառայել մարդկանց փրկությանը, որովհետև դեռ շատերը փրկության կարիք ունեն:

Սիրելի՛ քրիստոնյաներ, որոշում կայացրեք՝ դառնալու Փիլիմոնի նման, որ սուրբերը ձեզնով հանգիստ գտնեն: Դարձե՛ք ուրախության և մխիթարության որդիներ:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն: