Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

31.12.2023 / Եվ հաստատ համոզված եմ սրանում, թե Նա, ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի օրը: Փիլիպպեցիներին 1.6

Սիրելինե’ր, այսօր բոլորս տոնում ենք Նոր տարին, ինչի առթիվ ցանկանում եմ ձեզ շնորհավորել և օրհնել: Թո’ղ Տերը ձեզ պահպանի, հաջողություններ և գերբնական զորություն տա, որպեսզի այս տարին սկսեք հանգստության, ուրախության և խաղաղության մեջ:
Նոր տարվա տոնին ընդունված է միմյանց նվերներ տալ: Թո’ղ այսօրվա խոսքը Նոր տարվա նվեր և ուղեցույց լինի ձեզ համար: Գրված է. “Եվ հաստատ համոզված եմ սրան, թե Նա, ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը”:
Աստված յուրաքանչյուրիս կյանքում բարի գործ է սկսել: Համոզվա’ծ եղեք, որ Նա էլ մինչև վերջ կկատարի: Վստահե’ք Տիրոջը, և հավատացե’ք, որ կտեսնեք Նրա հրաշքները:
Եկեք հռչակե’նք, որ այս տարի մեզ համար ստեղծագործական տարի է, և մենք հաղթանակներ կունենանք նույնիսկ այն բնագավառներում, որտեղ մինչ օրս հուսահատություններ ենք ունեցել:
Դարձե’ք ստեղծագործող մարդիկ, ստեղծագործե’ք ձեր երջանկությունը, հաջողությունները, ընտանեկան կյանքը: Դուք ամեն բան կարող եք, որովհետև գրված է. “Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով” (Փիլիպ. 4.13):
Մի’ հավատացեք հորոսկոպներին և կենդանակերպի նշաններին, այլ հավատացե’ք Հիսուս Քրիստոսին: Թո’ղ Տերը ձեզ հետ լինի, և Նրա փառքը ծագի ձեզ վրա: Ամե’ն: