Products

01.01.2020 / Եվ հաստատ համոզված եմ սրանում, թե Նա, ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի օրը: Փիլիպպեցիներին 1.6

Սիրելինե’ր, այսօր բոլորս տոնում ենք Նոր տարին, ինչի առթիվ ցանկանում եմ ձեզ շնորհավորել և օրհնել: Թո’ղ Տերը ձեզ պահպանի, հաջողություններ և գերբնական զորություն տա, որպեսզի այս տարին սկսեք հանգստության, ուրախության և խաղաղության մեջ:
Նոր տարվա տոնին ընդունված է միմյանց նվերներ տալ: Թո’ղ այսօրվա խոսքը Նոր տարվա նվեր և ուղեցույց լինի ձեզ համար:
Հիսուսն ասաց․«Ես եմ դուռը» (Հովհ. 10։9): Ամենաէական բաներից մեկը դուռն է, որով մենք ներս ենք մտնում կամ դուրս ենք գալիս: Կան դռներ, որոնք բացվում են, և կան դռներ, որոնք փակվում են: Ո՞ւմ կամ ինչի՞ առաջ ենք դուռ բացում`մեղքի՞, թե՞ Աստծո…
Կարևորը միայն այն չէ, թե ինչ դուռ է իր կյանքում բացում մարդը, այլև այն, թե ինչ դուռ է բացում եկեղեցին իր երկրի համար: Օրհնությունների այն դուռը, որ կարող է բացել եկեղեցին, ոչ ոք չի կարող բացել:
Եվ այն դուռը, որ մենք այս տարի պետք է բացենք մեր երկրի համար՝ Ավետարանի և Խոսքի դուռն է: Եկեք լինենք մարդիկ, ում միջոցով Աստված կբացի այն:
Բացի Ավետարանի դռնից, գոյություն ունի մի բացասական դուռ՝ դժոխքի դուռը, որը բաց է շատ երկրներում, սակայն մենք կարող ենք այն փակել, եթե միայն բացենք Երկնքի դռները:
«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մաթևոս 16.18):
Այս տարի մենք պետք է փaկենք դժոխքի դուռը և բացենք Ավետարանի ու Խոսքի դուռը, օրհնությունների ու Երկնքի դուռը մեր երկրի, մեր ընտանիքների, մեր եկեղեցու համար, և ոչ ոք չի կարողանա փակել դրանք:
Հավատքը գործողություն է։ Եկեք թակենք, և Տերը կբացի այդ դռները։ Ես հավատում եմ, որ եթե մենք լինենք համարձակ և քարոզենք Ավետարանի Խոսքը, Աստված արդյունավետ դուռ կբացի մեզ համար, և շատ պտուղ կունենանք։
«Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի» (Մաթևոս 7:8):
Աստծո սերը, շնորհքն ու խաղաղությունը ամենիդ հետ լինի։ Ամեն։

01.02.2020 / Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11

Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի:

Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա հոր շնորհքն է:

Աստծո շնորհքը մեզ տալիս է այն ամենը, ինչ չենք կարող ձեռք բերել մեր ուժերով:
Մարդկային ընդունակություններով ու կարողություններով կարելի է հասնել մեծ հաջողությունների, իսկ Աստծո շնորհքով՝ գերբնական արդյունքների:

Գրված է, որ շնորհքը փրկարար է ամեն մարդու համար, այսինքն` մենք Աստծո շնորհքով ենք փրկված, ոչ թե մեր գործերով: Ոչ ոք չի կարող իր ջանքերով հավիտենական կյանք վաստակել:

Մենք Աստծո շնորհքի կարիքն ունենք նաև մեր կյանքի մյուս բնագավառներում՝ առողջական, ֆինանսական և այլն, որովհետև շատ անգամ մեր բնական կարողություններն ու ջանքերն անզոր են՝ մեզ օգնելու: Առանց շնորհքի՝ չենք կարող նաև Տիրոջ գործերը կատարել:

Եթե դու հաջողությունների ես հասել քո ընդունակությունների և ջանքերի շնորհիվ, չես կարող ասել, որ դա Աստծո շնորհքն է: Շնորհքը գործում է, երբ գիտակցում ես, որ մարդկային ուժերով ոչինչ չես կարող անել:

Սիրելինե’ր, քննե’ք ձեր կյանքը և տեսեք, թե ինչի եք հասել ձեր ուժերով, և որտեղ է, որ Աստծո շնորհքի կարիքն ունեք: Ապավինե’ք Տիրոջը, մնացե’ք Նրա շնորհքի մեջ, որ կատարեք այն գործերը, որոնք մարդկային տեսանկյունից անհնարին են թվում:

01.03.2020 / Տիրոջ երկյուղը չարը ատել է, հպարտությունն ու ամբարտավանությունը և չար գնացքը և նենգավոր բերանը Ես ատում եմ: Առակաց 8.13

Առաջիկա օրերի ընթացքում կխոսենք Տիրոջ երկյուղի մասին, որովհետև սատանան հենց դա է ուզում գողանալ քրիստոնյաներից՝ հասկանալով դրա կարևորությունը:
Նա չի գալիս` գողանալու այն հայտնությունը, որ Քրիստոսն Աստված է, որովհետև դա արմատավորված է քրիստոնյաների սրտում, իսկ ինչ վերաբերում է Տիրոջ երկյուղին, նրանք հեշտությամբ կորցնում են: Նա ինքը, որ սկզբից հրեշտակապետ էր, կորցրեց ոչ թե Աստծո հանդեպ հավատքը (նա լավ գիտեր, որ Աստված կա), այլ՝ երկյուղը, այդ պատճառով էլ ապստամբեց Նրա դեմ:
Աստվածաշնչում գրված է, որ Տիրոջ երկյուղը չարն ատելն է: Շատ քրիստոնյաներ ասում են, թե հավատում և սիրում են Աստծուն: Եթե հավատում և սիրում ենք Աստծուն, պետք է վախենանք մեղք գործելուց:
Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց քրիստոնյա են անվանում, բայց ապրում են զանազան մեղքերի` սեռական պղծությունների, բամբասանքների, քննադատությունների մեջ: Այցելե՛ք քրիստոնեական կայքեր, ֆորումներ, և կտեսնեք, թե ինչպես են նրանք քննադատում միմյանց:
Մի հովիվ համացանցում իր կարծիքն էր գրել ինչ-որ հարցի վերաբերյալ` մեջբերելով Աստծո Խոսքը: Նա այնքան քննադատություններ էր ստացել հոգևոր եղբայրներից, որ այդ ամենը կարդալուց հետո միայն մի եզրակացության կարելի էր գալ՝ նրանք իսկապես կորցրել են աստվածավախությունը:
Գրված է, որ Տիրոջ համար ատելի է նենգավոր բերանը: Նա ատում է հպարտությունը, ամբարտավանությունը և չար ընթացքը: Ցավոք սրտի, այսօր մարդկանց մեջ այնքան հպարտություն կա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մարդիկ արտահայտվում միմյանց հասցեին, որքան անարգանք կա թե՛ միմյանց, թե՛ եկեղեցու, թե՛ կառավարության հանդեպ: Տեսեք, թե ինչպես են նրանք պայքարում՝ եկեղեցում խմելը, ծխելը և մյուս մեղքերը արդարացնելու համար:
Սիրելինե՛ր, եկեք վերադառնանք աստվածավախությանը: Ատե՛նք չարը, և Աստված կօրհնի մեզ: Ամե՛ն:

01.04.2020 / Առեք իմ խրատը և ոչ թե արծաթ, և գիտությունը ընտիր ոսկուց ավելի է: Առակաց 8.10

Սրանք ոսկի խոսքեր են, որ ամեն մեկը հնարավորություն չի ունենում լսելու և ընդունելու:
Այսօր մարդիկ գալիս են Աստծուն` ավելի շատ նյութական օրհնություն ստանալու համար, քան Նրան լսելու և պաշտելու, ինչն էլ նրանց մոլորության է տանում: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Առեք իմ խրատը և ոչ թե արծաթ…»: Սա կյանքում հաջողության հասնելու բանալիներից է:
Ամբողջ Աստվածաշունչը լի է Աստծո գիտությամբ և խրատներով, որոնք սովորեցնում են, թե ինչպես պետք է ապրել և վարվել այս կյանքում: Եթե որոշում կայացնենք՝ ապրելու այդ խրատներով, Տիրոջ օրհնությունը կգա մեզ վրա:
Տիրոջ խրատն ամենամեծ հարստությունն է, որը ձեռք բերելով և պահելով` կհասնենք շատ ավելի մեծ բաների, քան արծաթն ու ոսկին են:
Արծաթն ու ոսկին օրհնության մի մասն են: Օրհնություն ասելով` պետք է հասկանալ Աստծուց եկող ամեն բարիք:
Սիրելինե’ր, եկեք հետևենք Տիրոջը, լցվենք Նրա գիտությունով, կատարենք Նրա խրատները և շարժվենք առաջ:
Թող Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

01.05.2020 / Որովհետև այն, որ մեռավ` մեղքին մեռավ մեկ անգամ, և այն, որ կենդանի է` Աստծուն է կենդանի: Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեք և Աստծուն կենդանի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին: Հռոմեացիներին 6.10-12

Աստծո Խոսքն ասում է, որ եթե Քրիստոսի հետ կենդանացանք, ուրեմն՝ պետք է մեռած լինենք մեղքի համար և ապրենք Աստծո համար: Պողոս առաքյալը գրում է՝ թող մեղքը չթագավորի ձեզ վրա, որ չհնազանդվեք նրա ցանկություններին:
Բոլորս էլ երբևէ տեսել ենք մեռած մարդու: Ինչ էլ ասես կամ անես, նա քեզ չի լսի և չի արձագանքի: Այդպես էլ մեր անձերը պետք է մեռած լինեն մեղքի համար: Այն մեղքերը, որ աշխարհում գործել ենք, կվերադառնան մեզ մոտ, բայց մենք չպետք է դրանց տեղ տանք մեր սրտում:
Սիրելինե’ր, մենք կանչված ենք Տիրոջ փառքի, զորության և սիրո մեջ ապրելու: Սակայն մեղքը պատ է կառուցում մեր և Աստծո միջև՝ փափագելով մեզ գցել Աստծո փառքից և դժոխք տանել: Եկեք քանդենք այդ պատը և ապրենք սուրբ կյանքով:
Միգուցե կարդալով այսօրվա խոսքը՝ դու գիտակցում ես, որ քո կյանքում մեղքեր կան: Ես քեզ կոչ եմ անում, որ ապաշխարես, հեռանաս մեղքերից և դառնաս դեպի Տերը: Այդ ժամանակ իսկապես կվերապրես Տիրոջ սերն ու քաղցրությունը:
Հաղթանակը կախված է նրանից, թե ում ենք հնազանդվում. մե՞ղքն է թագավորում մեր մահկանացու մարմիններում, թե՞ Տերը:
Թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմիններում: Աղոթե’ք, մաքրե’ք ձեր անձերը: Թող Տիրոջ զորությունն ապրի ձեր մեջ: Մարմինը մահկանացու է, բայց հոգին թող ապրի հավիտյան: Ամե’ն:

01.06.2020 / Սերն առանց կեղծավորության. չարն ատեք, բարիին հետևեք: Հռոմեացիներին 12.9

Հրաշալի խոսքեր են գրված Աստվածաշնչում. «Սերն առանց կեղծավորության…»: Այսօր շատերն են միմյանց ասում. «Ես քեզ սիրում եմ», բայց հենց որ նրանցից մեկը մի սխալ է թույլ տալիս, անմիջապես գալիս է ատելությունը: Դա նշանակում է, որ նրանց սերն անկեղծ չէր: Իսկական սերը չի նկատում մարդու թերություններն ու վատ կողմերը:
Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13 գլուխն ամբողջությամբ բացատրում է, թե որն է իսկական սերը: Գրված է՝ սերը չի լրբանում, իրենը չի որոնում…
Երբ ինչ-որ մեկի հետ շփվելիս մեր շահն ենք փնտրում, նշանակում է՝ նրա հանդեպ սեր չունենք: Դա վերաբերում է նաև ամուսնությանը, երբ մարդիկ փողի համար են ամուսնանում կամ էլ նրա համար, որ իրենց մասին չասեն, թե «տանը մնաց»: Եթե ամուսնական կյանքում անկեղծ սեր լինի, երջանկություն էլ կլինի, որովհետև սերը երջանկության բանալին է:

Աստծո Խոսքն ասում է. «…չարն ատեք, բարիին հետևեք»: Հնարավոր չէ բարիին հետևել, եթե չարը չատես:
Սիրելինե’ր, մենք լավ գիտենք, թե որն է չարը: Եկեք իրականում չարն ատենք, և բարիին հետևենք, ուղղենք մեր անձերը, որպեսզի սիրո մեջ կեղծավոր չլինենք: Խոսքը վերաբերում է նաև եղբայրական սիրուն: Այդ սերը շատ մեծ է, և մենք պետք է այդ սիրո մեջ մնանք:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

01.07.2020 / Որովհետև ամեն ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին. և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատքը:Ա Հովհաննես 5.4

Աստծուց ծնվածը հաղթում է աշխարհին, այսինքն՝ աշխարհի հոգուն: Պատմության ընթացքում շատ մեծ մարդիկ են եղել, ովքեր հաղթել են աշխարհին, բայց չեն կարողացել հաղթել աշխարհի հոգուն և նվաճել իրենց անձը:

«Աշխարհի հոգի» ասելով՝ հասկանում ենք այն ամենը, ինչ այս աշխարհում է` մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն և ամբարտավանություն, ինչպես գրված է Հովհաննեսի առաջին թղթի 2.16-ում: Բռնցքամարտիկը կարող է հաղթանակած վերադառնալ մարտից, բայց պարտվել շնության ոգուց, նախանձից, բամբասանքից կամ այլ մեղքերից:

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է հաղթել աշխարհին: Գրված է. «…սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն` մեր հավատքը»:

Սիրելինե’րս, հավատքն է հաղթում աշխարհին: Քննե’ք ձեր կյանքը. դուք հաղթո՞ղ եք, թե՞ պարտվող: Մեծացրե’ք ձեր հավատքը:

Հավատքը մեծանում է Աստծո Խոսքը լսելուց: Եթե ամբողջ օրը միայն աշխարհիկ հաղորդումներ և լուրեր լսեք, ձեր հավատքը կմարի, և դուք չեք կարող հաղթել աշխարհին: Գնացե’ք եկեղեցի, լսե’ք Աստծո Խոսքը և լցվե’ք հավատքով:

Տերը օրհնի ձեզ: Ամեն:

01.08.2020 / Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան, և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն, այլ կենդանի Աստծո վրա, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար:Ա Տիմոթեոս 6.17

Աստվածաշունչը դիմում է ողջ աշխարհի մարդկանց, հատկապես՝ հարուստներին, որ չգոռոզանան և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն: Շատ հարուստներ հպարտ են, և նրանց հույսն իրենց հարստությունն է: Բայց եթե Տերը մարդուն չօրհնի ու չպահպանի, փողը, հարստությունը կամ կապերը նրան չեն օգնի: Գրված է. «…եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմ. 127.1):

Հարուստ լինելը մեղք չէ, պարզապես չպետք է հարստությունով հպարտանալ: Մենք պետք է Տիրոջով հպարտանանք, և մեր հարստությունը պետք է Նրան ծառայի: Մենք պետք է վայելենք մեր ունեցածը, ոչ թե գոռոզանանք:

Սուրբ գիրքն ասում է. «Ես ամբարիշտը տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես լայնատարած դալար ծառ, բայց մեկ էլ անցնելիս ահա չկար նա…» (Սաղմ. 37.36): Ոչ ոք չի կարող պաշտպանել մարդուն սրտի կաթվածից կամ հանկարծահաս աղետներից: Ահա թե ինչու Աստվածաշունչը զգուշացնում է, որ մեր հույսը կենդանի Աստծո վրա դնենք, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար:

Որոշ քրիստոնյաներ կարծում են, թե աղքատությունը բարեպաշտության նշան է: Նրանք հռչակում են այսօրվա խոսքի միայն առաջին մասը. «Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան…»: Սակայն այս խոսքի ամբողջական իմաստն այն է, որ հարստությունը գոռոզանալու համար չէ. Տերը մեզ առատություն է տալիս, որպեսզի վայելենք և ծառայենք Իրեն, ոչ թե հպարտանանք:

Եղեք օրհնված: Ամե’ն
ԵԹԵ ԱՆՏԵՍԵՍ ՓՈՔՐ ԳՈՐԾԸ, ԵՐԲԵՔ ՉԵՍ ՀԱՍՆԻ ՄԵԾԻՆ:

02.01.2020 / Խելք աշխատողը իր հոգին է սիրում, խոհեմությունը պահողը բարիք կգտնի: Առակաց 19.8

Այսօր կխոսենք խելքի և խոհեմության մասին: Շատ խելացի մարդիկ կան, ովքեր խոհեմություն չունեն, և շատ խոհեմներ կան, ովքեր խելք չունեն:
Աստծո Խոսքն ասում է, որ աշխարհի զավակներն ավելի իմաստուն են, քան Աստծո զավակները: Իհարկե, նրանց մեջ շատ խոհեմ մարդիկ կան, որոնց կցանկանայիր վստահել ողջ աշխարհը, բայց, ցավոք սրտի, բոլորը չէ, որ այնքան իմաստություն ունեն, որպեսզի կարողանան ինչ-որ բան փոխել:
Աստվածաշունչն ասում է. “Խելք աշխատողը իր հոգին է սիրում, խոհեմությունը պահողը բարիք կգտնի”: Մենք պետք է սիրենք մեր հոգին և ցանկանանք բարիք գտնել: Խելքը երկնքից չի թափվում մեզ վրա, այլ ձեռք է բերվում աշխատասիրությամբ:
Նայելով երիտասարդներից շատերին, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են համակարգչի կամ հեռուստացույցի առջև, հասկանում ես, որ նրանք չեն ուզում “խելք աշխատել”:
Սիրելի’ բարեկամ, եթե ցանկանում ես մեծ մարդ դառնալ, քո հետքը թողնել այս աշխարհում, խորհուրդ կտամ, որ օրերդ չվատնես պարապության ու դատարկաբանության մեջ, այլ “խելք աշխատես”, որովհետև միայն աշխատասիրությամբ կարող ես մեծ բաների հասնել:
“Խելք և խոհեմություն”. թո’ղ այս խոսքերը դառնան քո նշանաբանը, և Տերը քեզ անպայման կօրհնի, իմաստություն ու խոհեմություն կտա: Նա քեզ շատ բաներ կվստահի, և դու շատ բաների կհասնես:
Հիշի’ր` խելքը ձեռք են բերում աշխատասիրությամբ, իսկ խոհեմությունը` որոշում կայացնելով: Ձգտի’ր իմաստության և խոհեմության: Թո’ղ Տերը քեզ հետ լինի: Ամե’ն:

02.02.2020 / Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը, և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից: Ծննդոց 2.3

Աստվածաշնչում հստակ գրված է, որ շաբաթվա յոթերորդ օրը օրհնված է: Այդ օրը պատկանում է Աստծուն և պետք է լինի հանգստի, եկեղեցի գնալու, Աստծուն պաշտելու օր բոլորի համար: Աստված պատվիրում է` վեց օր աշխատիր և յոթերորդ օրը հանգստացիր:

Սակայն այս պատվիրանը հաճախ անտեսվում է մեր զբաղված լինելու կամ կարևոր գործեր ունենալու պատճառով: Մենք չենք գիտակցում, որ յոթերորդ օրը վերականգնման օր է: Այդ օրը մեր կյանքը կարող է փոխվել, հրաշքներ կարող են լինել: Չէ՞ որ Աստծո հետ շփումը մեզ նորոգում է, լցնում հույսով ու հավատքով:

Մարդուն իր հոգևոր դիրքից գցելուց առաջ սատանան նրանից գողանում է յոթերորդ օրը: Մարդը զրկվում է հանգստանալու և իր ընտանիքով եկեղեցի գնալու հնարավորությունից: Կորցնելով իր հանգստյան օրը` նա մշտապես ապրում է ծառայության լծի տակ և, ի վերջո, կորցնում ամեն ինչ:

Կար ժամանակ, երբ Հռոմում ծառաների վիճակն այնքան էլ վատ չէր: Նրանք ապրում էին բարեկեցիկ տներում, լավ սնունդ ստանում և ծառայում իրենց տերերին՝ տուն մաքրում, երեխաներին խնամում և այլն: Քանի որ հրեաները հանգստյան օրը պահում էին, նրանց աշխատանքի չէին վերցնում, որովհետև տերերը փնտրում էին այնպիսի ծառաների, ովքեր շաբաթ օրն էլ իրենց կծառայեին: Այդ իսկ պատճառով, հրեաները թեև դժվար էին ապրում, բայց ծառաներ չէին դառնում: Աստծո օրենքը մի ողջ ժողովրդի փրկում էր ծառայությունից:

Սիրելինե՛ր, եկեք սուրբ պահենք յոթերորդ օրը. վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը նվիրենք Տիրոջը: Այդ ժամանակ երբեք ծառա չենք լինի, այլ կտեսնենք Տիրոջ զորությունն ու գերբնական օրհնությունները, կունենանք նորոգված, սուրբ ու մաքուր կյանք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն: